Այցելել են «Ազատամարտիկների պանթեոն»

Այցելել են «Ազատամարտիկների պանթեոն»

Սեպտեմբերի 27-ին մարզային ու քաղաքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչները Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ու Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի գլխավորությամբ այցելել են «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», 44-օրյա պատերազմից մեկ տարի անց, ժամը 11-ին մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին, խնկարկել, ծաղկեպսակներ դրել, ծաղիկներ խոնարհել անմահ հերոսների շիրմներին:

«Այսօր ևս մեկ անգամ խոնարհվում ենք մեր հերոսների շիրիմների առջև, մեզ համար հիմա շատ ծանր է ապրել ու զգալ նրանց կորստի ցավը, ապրել ու գիտակցել նրանց զոհաբերության արժեքը, բոլորիս համբերություն եմ մաղթում։ Փառք անմահ հերոսներին, ուժ ու կորով մեզ, որպեսզի կարողանանք կառուցել այնպիսի երկիր, որ թշնամին անգամ չփորձի չափել մեր ուժը, չփորձի մեր հետ մրցել թե ռազմավարական հաջողություններով, թե ռազմական հնարավորություններով։Պետք է կառուցենք այնպիսի երկիր, որն արժանի լինի այս հերոսներին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հովհաննես Հրությունյանը:

«Մենք այսօր մեր խոնարհումն ենք բերել մեր զոհերի հիշատակին, նաև նրանց ծնողների, որոնք այսպիսի հերոս զավակներ են ծնել, մեծացրել: Մեր հերոսներն իրենց կյանքը տվեցին, որ այսօր մենք կարողանանք ազատ ապրել շնչել, արարել: Մենք բոլորս մեր տեղում պետք է անենք առավելագույնը, աշխատենք ազնիվ, անաչառ, որպեսզի մեր հերոս տղաների նպատակները, որոնք նրանք նախանշել էին՝ կարողանանք հասցնել վերջնական կետին»,- լրագրողների հետ զրույցում նշել է Ռուբեն Սանոյանը:

wp-apeth