Տուժածներից հինգի վիճակը ծանր է

Տուժածներից հինգի վիճակը ծանր է

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ: Պարզվել է, որ «FAV» մակնիշի (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1959 թ․) Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։ ՃՏՊ-ի հետևանքով 16 տուժած հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, 14-ը՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ 1-ը՝ Մասիսի ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը, այնուհետև արգելափակված 2 ուղևորի դուրս բերել ավտոբուսից։

Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնը:

«Այսօր առավոտյան Արարատի մարզի Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 16 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր, իսկ մյուսները հոսպիտալացվել են կենտրոնի տարբեր բաժանմունքներ, այդ թվում՝ վնասվածքաբանական, վիրաբուժական, նյարդավիրաբուժական՝ ախտորոշման և հետագա բուժօգնության նպատակով: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- ասված է «Էրեբունի» բժշկական կենտրոնի տարածած հաղորդագրությունում:

wp-apeth