Թշնամին հարձակվել է հայկական դիրքերի ուղղությամբ

Թշնամին հարձակվել է հայկական դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական բաժնից:

ՀՀ ՊՆ լրատվական բաժնից նաև տեղեկացրել են, որ ժամը 06։00-ի դրությամբ ադրբեջանական սադրանքի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ ծավալված տեղային մարտերը շարունակվել են։

Ավելի ուշ նշել են ՀՀ ՊՆ-ից, որ տեղային մարտերը ժամը 07։00-ի դրությամբ շարունակվել են։ Նախնական տեղեկություններով, մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։

ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից ավելի ուշ նշել են, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։

«Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։ Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:

wp-apeth