Բացահայտվել է դանակահարության դեպքը

Բացահայտվել է դանակահարության դեպքը

2021թ․ հունիսի 25-ին՝ ժամը 20։00-ին, Արմենիա բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի թափանցող ծակած-կտրած, աջ կեսի հետին մակերեսին չթափանցող և ձախ կեսի առաջային մակերեսի չթափանցող ծակած-կտրած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի 23-ամյա բնակիչ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ նշված մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը՝ հունիսի 25-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, երիտասարդի և հարևանի միջև վիճաբանություն է ծագել կենցաղային հարցերի շուրջ, որի ընթացքում վերջինս դանակով հարվածներ է հասցրել տուժողի մարմնի տարբեր մասերին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Երիտասարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ։

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։

Որոշում է կայացվել՝ տուժած երիտասարդի հարևանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Այսօր՝ 2021թ․ հունիսի 28-ին, տուժած երիտասարդի հարևանը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, և վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth