Բացահայտել են կատարված սպանությունը

Բացահայտել են կատարված սպանությունը

Դեպքը կատարվել էր անցյալ տարվա աշնանը։ Նոյեմբերի 2-ին Ջրվեժ համայնքի մի բնակչուհի ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 13.00-ի սահմաններում, 35-ամյա ամուսինը Բալահովիտ գնալու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել։ Որոնողական աշխատանքն արդյունք չի տվել, և նոյեմբերի 12-ին սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Բազմակողմանի միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ 35-ամյա տղամարդուն սպանել էր Բալահովիտ գյուղի 25-ամյա մի բնակիչ, որին հայտնաբերել չհաջողվեց։ Ապրիլի 28-ին քրեական ոստիկանության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները, փոխգործակցելով Կոտայքի բաժնի քրեական հետախույզների և նախաքննական մարմնի աշխատակիցների հետ, Հատիս գյուղի վարչական տարածքի դաշտում հայտնաբերեցին մարդու գլուխ և մարմին. հագուստը համընկնում էր անհետ կորած տղամարդու հագուստի հետ: Մինչ այդ կասկածյալի տան և ավտոտնակի խուզարկությամբ արնանման հետքեր էին հայտնաբերվել, որոնք, ըստ դատագենետիկական փորձաքննության, համընկնում էին դիակից վերցված փորձանմուշների հետ: Հունիսի 14-ին Բալահովիտ գյուղի 25-ամյա բնակչի նկատմամբ սպանության մեղադրանքով հետախուզում հայտարարվեց։ Հարազատների հետ բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 23-ին հետախուզվողը ներկայացավ ոստիկանության Կոտայքի բաժին։ Նա ներկայացվել է նախաքննական մարմնին։ Սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում:

wp-apeth