Մինասյանն ահազանգում է, Փաշինյանը՝ հաստատում ու հակադարձում

Մինասյանն ահազանգում է, Փաշինյանը՝ հաստատում ու հակադարձում

Ձեռք բերված նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով նոր փաստաթղթի ստորագրման մասին խոսակցություններին:

«Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9 տոկոսով, այլ 100 տոկոսով։ Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանը ՀՀ քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ։ Ընդ որում, այդ մարդկանց գործունեությունը նոր չէ, այդ մարդիկ նախ 2020 թվականին հրապարակային Ադրբեջանին հրավիրում էին հարձակվել Հայաստանի վրա։ Այդ մարդիկ վերջերս Ազգային ժողովում, ամենատարբեր տեղերում ցույց էին տալիս այն արահետները, որոնցով կարելի է հնարավորինս ապահով հատել ՀՀ սահմանը։ Հիմա այդ մարդիկ Ադրբեջանին աջակցում են, որպեսզի այն դիվանագիտական աշխատանքը, որն անում ենք և այն դիվանագիտական արձանագրումները, որոնք տեղի են ունեցել, ահա դրանք իրագործելուց խուսափելու հնարավորություն ունենան։ Շատ անհարգալից իրադրություն ունենք ՀՀ հանրության հանդեպ, համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության 90 տոկոսը ծածկված է, սևով փակված է, և դա ներկայացված է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ։ Բա եթե այդպես է, դրա տողերը ոչ թե պետք է թաքցվեն, այլ հակառակը, պետք է բացվեն ու ներկայացվեն հանրությանը, ինչո՞ւ եք թաքցնում։ Եվ այս գործողություններն այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալական ցանցի գործունեություն, ես չեմ կարող որակել։ Ես չգիտեմ՝ «դե յուրե» ինչ ձևակերպում ունի, բայց իմ քաղաքական ձևակերպումն այդ է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը նրանք որտեղից են ստանում։ Ես ինչքան վերլուծում եմ, միակ աղբյուրը, որտեղից կարող են ստանալ, դա Ադրբեջանն է։ «Եռակողմ խոսակցություն է գնում՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան։ Եվ ինչքան վերլուծում եմ՝ այդ թղթերը նրանք ստանում են Ադրբեջանից»,- ասաց Փաշինյանը։

Ավելի վաղ Վատիկանում Հայաստանի Հանրապետության նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Փաշինյանը նոր փաստաղթուղթ է ստորագրելու:

«Նոյեմբերի 9-ին Նիկոլի ստորագրած կապիտուլյացիոն պայմանագիրը մեզ պատուհասած սարսափի սկիզբն է միայն, այն ինչ պատրաստվում է անել վիժվածը էլ ավելի սարափելի է։ Գանք սկզբից. կապիտուլյացիայից հետո նա ինքն էլ խոստովանեց, որ Ադրբեջանի նախագահի հետ ունի «բանավոր պայմանավորվածություններ»։ Դրանք լուծումներ են, որոնք Հայաստանի դեմ են։

Ահա թե ինչպես է եղել.

1. Նիկոլը Ալիևին տվել է խոստումներ, որոնց մասին իրենից բացի չգիտի ոչ ոք, նույնիսկ Հայաստանի կողմից բանակցող պաշտոնյաները՝ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։

2. Հունվարին Մոսկվայում ՌԴ նախագահի ներկայությամբ Նիկոլը խոստացել է Ալիևին, որ գարնան սկզբին՝ ձնհալից հետո, շտապ կարգով իրականացնելու է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ամբողջական ու վերջնական դեմարկացիա՝ պնդելով, թե ինքն է միակ հայն, ով դա անելու լեգիտիմություն ու կամք ունի (այդ բանակցության ժամանակ արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգ չկար)։

3. Նիկոլը պայմանավորվել է Ալիևի հետ, որ դեմարկացիայի և դրա հետևանքների մասին Հայաստանը չի անելու միջազգային աղմուկ՝ հղում անելով հանուն խաղաղ համակեցության երկկողմ աշխատանքային պրոցեսին։

4. Նիկոլը խոստացել է տրամադրել Սյունիքով միջանցք, որի երթուղին քննարկվում է Հայաստան-Ադրբեջան ուղիղ, երկկողմ ձևաչափում։

5. Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զորքերի ներխուժումից մեկ շաբաթ առաջ Նիկոլը փորձել է փոփոխել պայմանավորվածության ժամկետները՝ ասելով, թե երբ խոսք էր տալիս, չգիտեր, որ ընտրություններ են լինելու։ Նա խնդրել է հետաձգել պայմանավորվածությունների իրականացման մեկնարկը և ժամկետները սահմանել ընտրություններից հետո։ Դրան ի պատասխան Ադրբեջանը ներխուժեց Սյունիք և Գեղարքունիք։

6. Երբ Նիկոլը ինքնամոռաց և վախեցած սկսեց զանգել Կրեմլ, այնտեղից հնչեց երկու հարց՝ ինչո՞ւ էր խոստանում, եթե չէր անելու և կոնկրետ ի՞նչ է ակնկալում ՌԴ-ից։
Եվ ահա գալիս է կուլմինացիան այս ամենի։

Երեկ երեկոյան ավարտվել է նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։ Հայտարարությունը կհրապարակվի առաջիկայում։ Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։ Այս հայտարությունն է այն գինը, որ Նիկոլը պատրաստ է վճարել, որպեսզի նախընտրական շրջանում գոնե ժամանակավորապես կանգնեցնի ադրբեջանական զինուժի ներթափանցումը Հայաստան և այդ գինը Հայաստանը և հայ ժողովուրդը վճարում են 2018-ից մինչև օրս՝ սխալ ընտրության և շարունակական սխալ որոշումների համար։

Այդ հայտարարությամբ և դրան կից գաղտնի հավելվածով սահմանվում է.

1. Ստեղծվելու է հանձնաժողով, որը ամրագրելու է խաղի կանոնները Հայաստանի և Ադրբեջանի նոր ու վերջնական դեմարկացիայի համար։

2. Դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Այս սկզբունքը Հայաստանի համար խիստ անբարենպաստ հետևանքներ է ունենալու, որովհետև ակնհայտ է, որ Ադրբեջանն է խաղարկելու որ դեպքում, որ սկզբունքը կիրառվի:

3. Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղը Ադրբեջանին հանձնելը Նիկոլը քննարկման առարկա է դարձրել։

4. Նոր և վերջնական դեմարկացիայի աշխատանքները կարգավորող փաստաթղթերը պատրաստվելու և նախաստորագրվելու են մինչև հունիսի 30-ը։

Այս պահին Նիկոլը տվել է վերոնշյալի համաձայնությունը՝ երեք խնդրանքով. մինչև ընտրություններ Ադրբեջանը դուրս բերի զորքերը Հայաստանի տարածքից, գոնե մի քանի գերի վերադարձնի և դիվանագիտական բառապաշարով Տավուշի 5 գյուղի հատվածը ձևակերպված լինի լղոզված՝ որպեսզի կարողանա դիմակայել մինչև ընտրությունների ավարտը: Ինչքանով կհաջողվի, կտեսնենք:
Սա է իրականությունը։

Հ.Գ. 2018 թվականից մենք վճարում ենք չափազանց բարձր գին Նիկոլ Փաշինյանի ներկայության համար, մեր սխալների համար, տգիտության, մեծամտության, իրականությունը չընդունելու, չարության ու նախանձի համար։ Ամեն ամիս որ անցնում է, այդ գինն է՛լ ավելի է բարձրանում, ու ավելի շատ ենք վճարում ավելի քիչ մնացածից՝ տնտեսությամբ, արյամբ, կյանքով, սերունդներով և անշուշտ հողով»,- գրել էր Մինասյանը:

Միքայել Մինասյանը տելեգրամի իր ալիքում հրապարակել է իր նշած փաստաթղթի օրինակը, որի մասին գրել էր ֆեյսբուքի իր էջում:

wp-apeth