Հայաստանը պաշտոնապես դիմումն ուղարկել է ՀԱՊԿ

Հայաստանը պաշտոնապես դիմումն ուղարկել է ՀԱՊԿ

Հայաստանը պաշտոնապես դիմումն ուղարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում ադրբեջանական զորամիավորումների կողմից ՀՀ պետական սահմանի հատման հետ կապված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

«Պաշտոնապես դիմումն ուղարկվել է ՀԱՊԿ-ին։ Եռօրյա ժամկետ կա, ընթացակարգի մասին Պաշտպանության նախարարությունը և Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ կպահի»,- ասաց Ավինյանը։

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ադրբեջանական կողմը ցույց է տալիս քարտեզներ, որոնք անհայտ ծագման են և որևէ աղերս չունեն իրականության հետ։ «Փաստացի այդ քարտեզների հիմքով են նրանց սահմանապահ զորքերն առաջ եկել։ Բայց, այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը հաստատում է խաղաղ կարգավորման ուղղված իր ջանքերը։ Ըստ նրանց, որևէ քայլ չեն ձեռնարկում և չեն ուզում ձեռնարկել հետագա լարումն ավելի խորացնելու համար»,- նշեց Ավինյանը՝ հավելելով, որ հայկական կողմը, սակայն, պատրաստ է բոլոր հնարավոր սցենարներին։

Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Մայիսի 13-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստում հանձնարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ խորհրդակցություններ սկսել ՀԱՊԿ-ի հետ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում ադրբեջանական զորամիավորումների կողմից ՀՀ պետական սահմանի հատման հետ կապված: Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ պաշտպանության նախարար պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը: «ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը, և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն Կոլեկտիվ անվտանգության Պայմանագրով ու ՀԱՊԿ Կանոնադրությամբ նախատեսված քայլեր», — ասվում է Կազմակերպության հաղորդագրությունում:

Մայիսի 13-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀԱՊԿ մասնակից պետությունների մայրաքաղաքներին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով:

wp-apeth