Պայթյուն Երևանում. կա զոհ

Պայթյուն Երևանում. կա զոհ

Օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական և կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային բնակելի շենքում։ Մասնակի փլուզվել է շքամուտքում գտնվող 12 բնակարան։

Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ, շենքի փլուզված հատվածից և հարակից բնակարաններից իրականացրել են 19 քաղաքացու տարհանում։

Կինոլոգիական խումբն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ժամը 08։20-ի սահմաններում փլատակներից դուրս է բերվել երկու տուժած քաղաքացի, ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ տուժած Էդգար Մ․-ինը (ծնված 1979 թ․)՝ ծայրահեղ ծանր։

Ժամը 13։01-ին՝ մոտ հինգ ժամ շարունակվող որոնողափրկարարական աշխատանքներից հետո, փրկարարներին հաջողվեց փլատակներից դուրս բերել Արթուր Ղ․-ի (ծնված 1962 թ․) դին։

Բնակելի շենքի վթարային վիճակն ուսումնասիրելու նպատակով անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում։

‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի կողմից կատարվել է ակնադիտական հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ փլուզվել է շենքի հինգերորդ շքամուտքի մոտ կեսը։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են․ դեպքի վայրում են գտնվում 72 փրկարար ծառայող, ԱԻՆ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10 աշխատակից, ոստիկանության, շտապօգնության և այլ ծառայությունների ներկայացուցիչներ։

Տարհանման և որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվել են ինժեներական տեխնիկա (ավտոկռունկ, ինքնաթափ, ավտոզամբյուղ), ինչպես նաև՝ ոստիկանության հատուկ տարհանման ծառայության ավտոքարշակը։

Դեպքի վայրում հերթապահում է շտապօգնության երեք ավտոմեքենա․ անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին տեղում ցուցաբերում են համապատասխան օգնություն։

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

wp-apeth