Կովսականում ադրբեջանցի է պայթել ականի վրա

Կովսականում ադրբեջանցի է պայթել ականի վրա

Ղարաբաղյան հակամարտության գոտում հակահետևակային ականից ադրբեջանցի սահմանապահ է պայթել: Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Sputnik Ադրբեջանը: Միջադեպը տեղի է ունեցել Կովսականում (Զանգելան), որը Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ է անցել 2020 թվականին ռազմական գործողությունների արդյունքներից հետո: Ադրբեջանցուն առաջին բուժօգնությունը ցուցաբերվել է տեղում, այնուհետև տեղափոխել են հիվանդանոց:

«Պետական սահմանային ծառայության սահմանապահ զորքերի արտակարգ իրավիճակների ծառայության զինծառայող Էլգուն Նազարխանլին ուղղաթիռով տարհանվել է ռազմական հոսպիտալ», — ասվում է հաղորդագրության մեջ:

Նկատենք, որ սեպտեմբերի 22-ին սահմանամերձ գյուղերից մեկում ականի վրա պայթել ու մահացել էր Ադրբեջանի քաղաքացի Մամեդ Մարդանովը:

2020-ի դեկտեմբերի 14-ին Աղդամում ականի պայթյունից մեկ ադրբեջանցի էր մահացել, ևս երկուսը վիրավորվել էին։ Հունվարի 1-ին էլ Ֆիզուլու շրջանում մի ադրբեջանցի էր պայթել ականի վրա, նրա 2 ոտքերն անդամահատել են։ Հունվարի 21-ին զինծառայող Ռաշադ Ջավադովն էր Ֆիզուլու շրջանում պայթել ականի վրա։ Նույն օրը ճանապարհաշինության աշխատանքների ժամանակ ականի վրա պայթել էր 41-ամյա Ալիյար Օջագվերդիևը, իսկ Կուբաթլուում ականի պայթյունի արդյունքում մահացել էր մայոր Մուխթարով Սարխան Իլգար օղլուն։

Հունվարի 29-ին հերթական ադրբեջանցին էր պայթել ականի վրա, նրա ոտքն ամպուտացրել էին։ Փետրվարի 3-ին երեք ադրբեջանցիներ պայթել էին ականի վրա Ֆիզուլիում (Վարանդա), նրանցից մեկը տեղում մահացել էր։ Փետրվարի 7-ին նույն շրջանում մեքենան պայթել էր հակատանկային ականի վրա, մեկ քաղաքացի զոհվել էր, երկուսը` անհետ կորել։ Փետրվարի 19-ին Թալիշ գյուղում էր պայթել մեկ ադրբեջանցի։ Փետրվարի 25-ին նման միջադեպ էր տեղի ունեցել Ջրականում (Ջեբրայիլ), մարտի 3-ին Ակնայում (Աղդամ), մարտի 15-ին` նույնպես Ակնայում։

Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ քաղաքացիները հաճախ փորձում են ներխուժել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ ՝ առանց իշխանությունների թույլտվության:

wp-apeth