Մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1667 աճյուն
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը: 2021 թվականի սեպտեմբերի 12-ից 19 ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ընդհանուր 666 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել են, ինչպես կանչերի, այնպես էլ գրանցված արտակարգ դեպքերի թիվը:
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 14 ելք: Շաբավա ընթացքում գրանցված հրդեհների դեպքերից ամենախոշորը բռնկվել է Ստեփանակերտ քաղաքի ծայրամասային թաղամասում՝ «Կոբրա» բարձունքի հարևանությամբ: Այրվել է մոտ 2 հա չոր խատածածկ տարածք, ծառեր և թփուտներ: Հրդեհի 4 դեպք գրանցվել է Մարտակերտում, 7-ը՝ Ստեփանակերտում, 2-ը՝ Մարտունու, ևս մեկ դեպք Ասկերանի շրջանում:
Ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ գրանցվել է 2 հաղորդում, մեկը՝ մահվան ելքով: Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի 36-րդ կիլոմետրին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տեղում մահացել է Ստեփանակերտ քաղաքի 40-ամյա բնակչուհին: Շաբաթվա ՃՏՊ դեպքերից տուժել է 5 քաղաքացի: Փրկարարները բժիշկների և ոստիկանության ծառայողների օգնությամբ՝ վերջիններիս տեղափոխել են բուժհաստատություններ:
Շաբաթվա ընթացքում ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերի կողմից վնասազերծվել է 121 պայթուցիչ, ականանետային 2 ական, 35 հրթիռ, կասետային 29 հրթիռ:
Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo Trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպության հետ համատեղ Արցախի Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ:
Նշված ժամանակահատվածում 911 ահազանգման կենտրոնում ստացվել է տեխնածին բնույթի 33, սոցիալ-կենցաղային 26 կանչ: Փրկարարները կատարել են դռան և վերելակի երեքական բացում և առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացու տեղափոխում:
Օձի հայտնաբերման վերաբերյալ մեկ կանչ է գրանցվել: Փրկարարները թունավոր սողունին հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք:
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարաքներում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը կատարել է 5 ելք: Զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1667 աճյուն: