Ծմակահողում զարգացման ծրագրեր են իրականացվում. առօրյան ու խնդիրները

Ծմակահողում զարգացման ծրագրեր են իրականացվում. առօրյան ու խնդիրները

ԱՀ Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքն ունի 251 բնակիչ. պատերազմից հետո բոլորն էլ գյուղ են վերադարձել և շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով: Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Ծմակահողի համայնքապետ Արթուր Սաֆարյանը:

«Գյուղում վերաբնակեցվել է 6 ընտանիք. ևս 10 ընտանիքի կարող ենք ընդունել: Այս պահի դրությամբ 2 տուն է վերանորոգվում նրանց տրամադրելու համար: Դպրոցը՝ 24 աշակերտներով, վերաբացվել է դեկտեմբեր ամսից: «Երազանք» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ մայիս ամսին սկիզբ էր դրվել «Մեղվագործության խմբակներ Արցախի գյուղերի դպրոցներում» ծրագիրը, որի առաջին շահառուներից էին մեր գյուղի դպրոցականները: Օգոստոսին արդեն առաջին բերքահավաքն ենք կազմակերպել, և երեխաները ստացել են իրենց աշխատանքի արդյունքը: Իսկ սեպտեմբերից կմեկնարկի մեղվաբուծության մասին տեսական գիտելիքների խմբակ: Այսօրվանից գյուղում մեկնարկել է «Կայծեր» ռազմամարզական վրանային ճամբարի երրորդ փուլը: Մանկապարտեզն ունի 7 սան: Համայնքում գործում են համայնքային կենտրոն, բուժկետ, որոնց շենքային պայմանները գտնվում են վատթար վիճակում,. ունենք նաև հանդիսությունների սրահ: Գյուղամիջյան ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում: Ամառային շրջանում ունենք ջրի խնդիր։ Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով»,- նշեց Ա. Սաֆարյանը՝ ցավով տեղեկացնելով որ 44-օրյա պատերազմում իրենց փոքր գյուղը 3 զոհ է ունեցել։

Խոսելով գյուղացիների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ բնակչության մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ:

wp-apeth