Ոչնչացվել է կյանքի համար վտանգավոր զինամթերք

Ոչնչացվել է կյանքի համար վտանգավոր զինամթերք

2021 հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 717 ահազանգ, հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Նախորդ շաբաթվա համեմատ՝ նվազել են հրդեհի կանչերը: Գրանցված 21 դեպքից 1-ը բռնկվել է տրանսպորտում, 9-ը՝ չոր խոտածածկերում եւ այգիներում, մյուսները՝ տնամերձ եւ ցանքատարածքների հարեւանությամբ գտնվող չմշակված տարածքներում: Հրշեջ-փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին, ժամանակին կատարել հրդեհաշիջման աշխատանք:

Գրանցվել է ճանապարհատրանսպորտային մեկ պատահար Ասկերանի շրջանում, տուժել է 2 քաղաքացի: Փրկարարները եւ շտապօգնության բրիգադը նրանց ցուցաբերել են օգնություն եւ տեղափոխել բուժհաստատություն:

Կենցաղային բնույթի կանչերը 38-ն էին։ Տեխնիկական բնույթի օգնություն է ցուցաբերվել 30 քաղաքացու: Ջուր է մատակարարվել Ասկերանի շրջանի 2 համայնքի բնակիչների: Դուռ եւ վերելակ բացելու վերաբերյալ գրանցվել է 9 կանչ։

Շարունակվում են զենք-զինամթերքի, չպայթած եւ կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման ու ոչնչացման աշխատանքները: Ծառայության սակրավորները վնասազերծել են BM-21 տեսակի 3 հրթիռ, թնդանոթի 125 մմ 6 եւ 152 մմ տրամաչափի 2 արկ, հակատանկային ականի 22 պայթուցիչ, ականանետի 4 ական, հրթիռակասետային եւ գնդիկաբեկորային երկուական ռումբ:

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն իրականացրել են 4 ելք: Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերվել է 8 աճյուն: Ընդհանուր՝ զինադադարից հետո փրկարարները տարհանել են 1604 աճյուն:

wp-apeth