Գինեսի բազմակի ռեկորդակիր Յուրի Սաքունցի հերթական ռեկորդները
Հուլիսի 8-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Գինեսի բազմակի ռեկորդակիր Յուրի Սաքունցը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում սահմանեց երեք նոր ռեկորդ: Մարզիկը ձեռքերի վրա քայլելով եւ ճոպանը ատամներով բռնած վեց մետր տեղաշարժեց 2,6 տոննա կշռող հրշեջ-մեքենան: Երկրորդ վարժությունը բավական բարդ էր, եւ Յուրիի սպորտային կարիերայում՝ աննախադեպ: Նա «հանգույցի» դերում հանդես եկավ շարժվող երեք մեքենաների միջեւ` ամուր բռնելով դրանք կապող ճոպանները:
Երրորդ ռեկորդը շշերի վրա հենում-ծալում վարժությունն էր, որի արդյունքով երիտասարդն առաջ անցավ այս վարժության ռեկորդակիր ռուս մարզիկից:
Յուրին ռեկորդները նվիրեց Արցախի փրկարարներին: «Փրկարարները դեռ պատերազմի մեջ են, մինչ օրս մեր զինվորներին են որոնում: Ցանկացա իմ շնորհակալական խոսքն ասել, որ նրանք ավելի ոգեւորվեն ու գնահատված զգան», — ասել է Յուրին:
Արցախի Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը մարզիկին պարգեւատրել է շնորհակալագրով ու թանկարժեք նվերով: