Տարածաշրջանում խաղաղությունից ամենաշատը կշահեն ԼՂ բնակիչները. Պուտին

Տարածաշրջանում խաղաղությունից ամենաշատը կշահեն ԼՂ բնակիչները. Պուտին

Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ իր 18-րդ ամենամյա ուղիղ կապի ընթացքում: Մեկ միլիոն հարցի մեջ հարց կար նաև ղարաբաղյան հակամարտության մասին, որին ի պատասխան Կրեմլի ղեկավարը կարծիք հայտնեց, որ տարածաշրջանում խաղաղությունից ամենաշատը կշահեն ԼՂ բնակիչները: Այս մասին հաղորդում է 1lurer.am-ը:

Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) — Ռուսաստանը դերակատարում է ունեցել այս ճգնաժամի կարգավորման գործընթացում, ոչ ոք շահագրգռված չէ դրա զարգացման հարցում, քանի որ եթե բոլորս խաղաղ, բարեկամաբար ապրենք, մենք կստեղծենք պայմաններ մարդկանց բնականոն կյանքի համար, ինչի կարիքը ունեն Ղարաբաղի բնակիչները: Անհնար է միշտ ապրել այն անհանգստությամբ, որ հակամարտությունը կվերսկսվի: Դա հասկանում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները: Բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, կան մի շարք հարցեր:

Ռուսաստանի նախագահի խոսքով` ենթակառուցվածքների, Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հստակեցման հետ կապված խնդիրներ կան, և այժմ եռակողմ ձևաչափով ընթանում է համապատասխան աշխատանքը: Այդ հարցը նաև Լավրով- Չավուշօղլու հանդիպման առանցքում էր: ՌԴ արտգործնախարարն այցելել էր Թուրքիա: Մոսկվան և Անկարան մտադիր են համատեղ ջանքերով նպաստել Բաքվի և Երևանի միջև պրակտիկ փոխգործակցության կարգավորմանը, Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է Լավրովը:

Սերգեյ Լավրով (ՌԴ արտգործնախարար) — Մենք այսօր Մևլութ Չավուշօղլուի հետ համաձայնեցինք, որ գործակցելու ենք՝ յուրաքանչյուրս օգտագործելով մեր հնարավորությունները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունը կարգավորելու համար, որ պայմաններ ստեղծվեն ադրբեջանցիների ու հայերի, նաև ցանկացած այլ ազգային պատկանելության ժողովրդի բարիդրացիության համար:

Լավրովը վստահ է. այդ դեպքում ցանկացած հարց, այդ թվում՝ քաղաքական, կարող է լուծվել: Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Էրդողանի այցին Ադրբեջան, ըստ ՌԴ արտգործնախարարի, դա այց էր Թուրքիա-Ադրբեջան երկկողմանի հարաբերության շրջանակում:

wp-apeth