Ջրասուզական պարապմունքներ՝ Սարսանգի ջրամբարում

Ջրասուզական պարապմունքներ՝ Սարսանգի ջրամբարում

ԱԻ պետական ծառայության ջրափրկարարները համաձայն հիմնական միջոցառումների պլանի՝ Սարսանգի ջրամբարում անց են կացրել ջրասուզական հերթական  պարապմունքները, հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից:

«Ամառային շրջանում Սարսանգի ջրամբարում ամեն տարի գրանցվող դժբախտ ելքով պատահարները մտահոգվելու լուրջ տեղիք են տալիս:

Անցած շաբաթ ջրափրկարարները ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, Արցախի ամենամեծ ջրամբարում իրականացրել են ջրասուզական պարապմունքներ, միաժամանակ կատարել տարբեր կանխարգելիչ միջոցառումներ՝ Սարսանգի ջրերում գրանցված պատահարներից զերծ մնալու նպատակով:

Գործի է դրվել փրկարարական մոտորանավակը, իսկ ջրասուզակները հատուկ հանդերձանքով կատարել են ստորջրյա վարժանքներ:
Ջրափրկարարների պատրաստվածության բարձրացման նպատակով հաճախ կազմակերպվում են թեմատիկ դասընթացներ:
Նախատեսված հիմնական միջոցառումների պլանը կշարունակվի հուլիս-օգոստոս ամիսներին:

Ծառայությունը համալրված է համապատասխան գույքով ու տեխնիկական հատուկ միջոցներով՝ ջրասուզական և փրկարարական աշխատանքները տարվա բոլոր եղանակներին բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Հանգստյան գոտիներում կառուցված լողավազաններից բացի, Արցախի տարածքում գտնվող ջրամբարներն ու ջրավազանները նախատեսված չեն լողի և ակտիվ հանգստի համար:

Ուստի, ԱԻ պետական ծառայությունը հորդորում է՝ դժբախտ ելքով պատահարներից խուսափելու նպատակով, ամառային հանգիստը կազմակերպել միայն թույլատրելի վայրերում»,- նշված է հաղորդագրությունում:
wp-apeth