Վերանորոգվում են ազատ բնակարանները տեղահանվածներին տրամադրելու նպատակով

Վերանորոգվում են ազատ բնակարանները տեղահանվածներին տրամադրելու նպատակով

Պատերազմից հետո Մարտունու շրջանի Հաղորտի համայնքի բոլոր բնակիչները վերադարձել են գյուղ: Այս մասին «Արցախպրեսի»թղթակցի հետ զրույցում ասել է Հաղորտի համայնքի ղեկավար Նվեր Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ պատերազմական գործողություններից հետո գյուղում դեռ ընտանիք չի վերաբնակեցվել, սակայն երկու տուն վերանորոգվել է տեղահանված ընտանիքներին տրամադրելու համար. ևս մոտ տասը տուն կծառայի այդ նպատակով։

«Գյուղի դպրոցը վերաբացվել է 2020 թվականի դեկտեմբեր ամսից. այստեղ սովորում է 30 աշակերտ: Երեխաները հաճախում են «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որոշները, աշակերտ լինելով հանդերձ, արդեն աշխատում են։ Մանկապարտեզ, ցավոք սրտի, չունենք, այն փակվել է 2011թվականին։ Նախկին մանկապարտեզի շենքում տեղակայված է համայնքապետարանը։ Ունենք բուժկետ, որը կապիտալ վերանորոգման կարիք ունի, գործող ակումբ, որը վերանորոգվել է շվեդահայ Արփինե Մարտիրոսյանի ջանքերով։ Գյուղը ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ։ Խմելու ջրի լուրջ խնդիր ունենք, հատկապես՝ ամռան շրջանում։ Ջուր ստանում ենք երկու օրը մեկ։ Գյուղամիջյան ճանապարհները գտնվում են ոչ բարվոք վիճակում»,- տեղեկացրել է համայնքապետը:

Ն. Մարտիրոսյանը գյուղի առաջընթացն ու զարգացումը կապում է երեխաների ունեցած գիտելիքների, հմտությունների ու դրանց ճիշտ օգտագործման հետ։ Հաղորտու ութ տարեկանը լրացած բոլոր տղաները պարտադիր զբաղվում են սպորտով: Պարապմունքներն անց են կացնում Գիշի գյուղում, քանի որ տեղում համապատասխան պայմաններ չկան: Տրանսպորտի բացակայության պատճառով երեխաների տեղափոխման խնդիր ունեն: Առայժմ այն լուծվում է համայնքի ղեկավարի ջանքերով։ Հետպատերազմյան շրջանում ապագա սպորտսմենները շարունակում են հաջողություններ գրանցել սպորտի բնագավառում. չորս մարզիկ մասնակցել է Արտաշատում տեղի ունեցած «սամբո» մարզաձևի Հայաստանի առաջնությանը, գրավել մրցանակային տեղեր՝ բերելով պատվոգրեր և երեք մեդալ: Խոսելով գյուղացիների զբաղվածության մասին՝ համայնքի ղեկավարը նշել է, որ Մարտունու տեղամասում ունեին 51հա տարածք, որից 32հա֊ը մնացել է թշնամու վերահսկողության տակ: Պետական աջակցությամբ աշնանացան բերքի տակ կատարվել է 74հա գարի, գարնանացան` 3հա սիսեռ: 5.5հա հող են նախապատրաստել բանջարաբոստանային կուլտուրաների մշակության համար: Մոտ 30 մեղվափեթակ մնացել է հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքում:

Գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Յուրաքանչյուր երիտասարդ ընտանիք զբաղվում է մեղվաբուծությամբ։ Ըստ համայնքի ղեկավարի՝ գյուղի մեղրն ամենալավն է, որակյալը, մաքուրն ու առանձնահատուկը։

wp-apeth