Երկու ՃՏՊ, երկուսն էլ մահվան ելքով
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ մարտի 28-ին, ժամը 07:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխի վայր շրջվել: Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Նշվում է նաև, որ մարտի 28-ին, ժամը 00:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին-Հորս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գետափ-Մարտունի Մ-10 ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «Peugeot» (վարորդ Էմիլ Փ., ծնված 1980 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին: Ուղևոր Էրիկ Ս.-ն (ծնված 2000 թ.) տեղում մահացել է, իսկ Է. Փանոսյանը ստացել է մարմնական վնասվածքներ:
Փրկարարները Էմիլ Փ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան օգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը, դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա: