87-ամյա մորը կացնահարել էր, մարմինը մասնատել ու այրել

87-ամյա մորը կացնահարել էր, մարմինը մասնատել ու այրել

Հուլիսի 19-ին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Վանաձորի Ներսիսյան թաղամասի թիվ 6 շենքի բնակարաններից մեկում որդին սպանել է մորը: Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի տարբեր հատվածներում արնանման հետքեր է հայտնաբերել, նշված է ոստիկանության պաշտոնական կայքում:

Ըստ հաղորդագրության՝ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով պարզվել, որ 87-ամյա տանտիրուհուն սպանել էր 58-ամյա որդին, որը նախկինում 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել՝ սպանության, խուլիգանության և ապօրինի զենք պահելու մեղադրանքով: Պատժի կրումից ազատվել էր 2018 թվականին: Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ երկու օր առաջ մորը սպանել էր կացնով, ապա մարմինը դանակով մասնատել, լցրել էր պոլիէթիլենային պարկի մեջ, նետել աղբանոցն ու այրել։

Փաստի առթիվ սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ թաղամասի աղբամաններից մեկում հայտնաբերվել են տարեց կնոջ այրված մարմնամասերը։ Հանցագործության գործիք կացինը հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

wp-apeth