20 վիրավոր ունենք, բուժում ստանում են 10-ը
Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հուլիսի 12-ից սկսած մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԶՈւ-ն ունեցել է շուրջ 20 վիրավոր, որոնցից ներկա պահին բուժում են ստանում 10 զինծառայող։ 10 զինծառայողից 5-ի վիճակը թեթև է, 4-ի վիճակը՝ միջինից ծանր, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր։ Այս մասին հայտնել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը։
Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնելով հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերվա օպերատիվ իրավիճակը, արձանագրել է, որ սահմանագոտում գիշերվա ընթացքում և առավոտյան չեն կիրառվել խոշոր տրամաչափի զենքեր, հրետանային միջոցներ: Տեղեկացնենք նաև, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։ Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։ Մյուս զինծառայողներն առաջիկա շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում օպերատիվ իրավիճակի վերաբերյալ, նշել, որ երեկոյան 18:00-ից հետո նկատվել է լարվածության թուլացում: Օրվա ընթացքում հակառակորդի կողմից հրետակոծվել են Չինարի, Այգեպար, Կարմիր Աղբյուր, Բերքաբեր գյուղերն ու Բերդ քաղաքը: Հակառակորդի կողմից կիրառվել են ականանետեր, հրետանային, ռեակտիվ հրետանային միջոցներ և տանկեր: Բարեբախտաբար քաղաքացիական ազգաբնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան, հրետակոծության արդյունքում բնակավայրերին հասցվել է զուտ նյութական վնաս. վնասվել են բնակելի տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Ա. Հովհաննիսյանը շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերը, իրենց ձեռագրին հավատարիմ, շարունակում են թիրախավորել սեփական քաղաքացիական ազգաբնակչությանը՝ հայկական հենակետերի ուղղությամբ կրակ վարող հրետանային միջոցները տեղակայելով սահմանամերձ բնակավայրերի մերձակայքում:
Նշվել է նաև, որ այս օրերի ընթացքում ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են հակառակորդի շուրջ 10 ԱԹՍ, այդ թվում նաև՝ իսրայելական արտադրության «Հերմես-900» հետախուզական անօդաչու թռչող սարքը: