Զարկերակային արյան գերճնշում
Ի՞նչ է զարկերակային արյան գերճնշումը: Ի՞նչ են զարկերակները, ինչու՞ է առաջանում արյան ճնշման բարձրացում:
Արյունատար անոթները բաժանվում են զարկերակների, երակների և մազանոթների։ Զարկերակները արյունը սրտից տանում են դեպի ավելի մանր անոթների, որոնք իրենց հերթին աստիճանաբար բարակելով առաջացնում են մազանոթների համակարգ։
Արյան ճնշումը արյունատար անոթներով շարժվող արյան գործադրած ճնշումն է պատերին։
Զարկերակային գերճնշում նշանակում է զարկերակների պատերի լարվածության մեծացում, ինչի արդյունքում անոթների լուսանցքը նեղանում է և անոթների մեջ մեծանում է հիդրոստատիկ ճնշումը։ Արյան ճնշման փոփոխությունները կախված են նաև (իհարկե՝ ավելի քիչ) սրտի կողմից արյունատար համակարգ մղվող արյան ծավալից։
Արյան ճնշման նորման համարվում է 120-130/80-85 մմ սնդ. սյուն՝ մինչև 60 տարեկան և 140-90 մմ սնդ. սյուն՝ 60 տարեկանից բարձր մարդկանց համար։ Որոշ մարդիկ արյան բարձր ճնշումը չեն զգում և հարցնում են՝ ինչո՞ւ իջեցնել, երբ վատ չենք զգում։ Բանն այն է, որ արյան նորմալ ճնշման պահպանումը կարևոր է օրգանիզմի համար մի շարք պատճառներով։
- Բոլոր օրգան-համակարգերի լիարժեք արյան մատակարարումը հնարավոր է միայն արյան նորմալ ճնշման դեպքում։ Պատկերացնենք, օրինակ, ինչ է կատարվում ուղեղում, երբ արյան ճնշումը բարձրանում է։ Արյունատար մազանոթներն ունեն թափանցելիություն, որոնց միջոցով կատարվում է նյութափոխանակությունը հյուսվածքներում։ Բարձր արյան ճնշման դեպքում, ուղեղի հյուսվածքից ավելի շատ հեղուկ է դուրս գալիս, քան նորմալ արյան ճնշման դեպքում։ Առաջանում է ուղեղի փոքրիկ այտուց, որի հետևանքով արյան ճնշման կտրուկ բարձրացման կամ հիպերտոնիկ կրիզների ժամանակ ի հայտ են գալիս ուղեղային երևույթներ։ Այդպիսիք են սրտխառնոցը, փսխումը, ուժեղ գլխապտույտները, երերուն քայլվածքը, աչքերի առջև «մրջյունների» ի հայտ գալը, արգելակված վիճակը, աշխատունակության և հիշողության թուլացումը։
- Արյան բարձր ճնշումն առաջացնում է սրտի աշխատանքի վտանգավոր ծանրաբեռնվածություն։ Սրտի համար դժվար է արյունը մղել նեղացած անոթներով։ Արյան գերճնշումը մեծացնում է սրտի իշեմիկ հիվանդության առաջացման ռիսկը։
- Մեր անոթների պատերի ամրությունը նախատեսված է որոշակի արյան ճնշման համար ¥նորմայի սահմաններում¤։ Դրա ավելանալու դեպքում հնարավոր է, որ անոթների պատերը չդիմանան և առաջանան արյունազեղումներ, օրինակ՝ ուղեղում ¥ինսուլտ¤։
Արյան գերճնշումը, որն իրեն զգացնել չի տալիս, բժիշկներն անվանում են «լուռ մարդասպան»։
ԶԱՐԿԵՐԱԿԱՅԻՆ ԳԵՐՃՆՇՄԱՆ ԱՌԱՋԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԳՈՐԾԵՆՆԵՐՆ ԵՆ
- ժառանգականությունը,
- ճարպային նյութափոխանակության խանգարումները,
- շաքարային դիաբետը,
- կերակրի աղի չարաշահումը,
- խրոնիկ սթրեսները և գերհոգնածությունը,
- ծխելը,
- ֆիզիկական ակտիվության պակասը։
ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Ըստ պատճառների տարբերում են առաջնային և երկրորդային հիպերտոնիա (գերճնշում)։
Առաջնային հիպերտոնիան զարգանում է, երբ խաթարվում է գլխուղեղի անոթաշարժ կենտրոնների աշխատանքը։ Այդպիսի կենտրոն կա նաև ողնուղեղում, ողնաշարի կրծքային հատվածի մակարդակում: Հետևաբար այդ հատվածների ողնաշարային ճողվածքների կամ ողերի տեղաշարժի, ոչ ճիշտ կեցվածքով նստելու դեպքերում կարող ՛են լինել արյան ճնշման բարձրացումներ։ Երբեմն զարկերակային գերճնշման դեպքում օգնում է ողնաշարի խնդիրների վերացումը, երբ հիվանդը բուժվում է ողնաշարի մասնագետի մոտ։
Երկրորդային հիպերտոնիան լինում է, երբ արյան բարձր ճնշումը ուղեկցում է կոնկրետ հիվանդությանը։ Օրինակ՝ վահանաձև գեղձի ֆունկցիայի բարձրացում (հիպերթերեոզ, թերեոտոքսիկոզ), երիկամի և մակերիկամի, ողնաշարի հիվանդություններ։ Այսպիսի դեպքերում անհրաժեշտ է առաջին հերթին բուժել հիմնական հիվանդությունը։
Արյան ճնշման հանկարծակի բարձրացումներ են տեղի ունենում հիմնականում արյան մեջ անոթասեղմիչ նյութերի քանակի անսպասելի բարձրացումից, որոնք մատակարարվում են նյարդային և էնդոկրին համակարգերի կողմից։ Կարող է լինել նաև, երբ արյան մեջ բարձրանում է շաքարի կամ աղի քանակը, ինչպես նաև երիկամների, լյարդի, բարակ աղիների թավիկների և արյունատար անոթների պատերի ֆունկցիաների թուլացման հետևանքով։
Տարբերում են զարկերակային արյան գերճնշման (հիպերտոնիկ հիվանդության) 3 աստիճան՝
1-ին աստիճան. — Արյան ճնշումը բարձրանում է 160-170/90-100 մմ սնդ. սյուն, ճնշման բարձրացումը կայուն չէ: Հիվանդները գանգատվում են գլխացավից, անքնությունից, արագ հոգնածությունից:
2-րդ աստիճան. — Արյան ճնշումը կայուն է և պահպանվում է 180-200/105-110 մմ սնդ. սյուն սահմաններում։ Բնորոշ են հաճախակի առաջացող հիպերտոնիկ կրիզները։
3-րդ աստիճան. — Արյան ճնշումը հասնում է 200-230/115-120մմ սնդ. սյուն կամ ավել։ Այս փուլում անոթներում և օրգաններում տեղի են ունենում օրգանական փոփոխություններ։
ԲՈՒԺՈՒՄԸ
Բուժումը նշանակում է բուժող բժիշկը։ Դեղորայքի չափաքանակն ընտրվում է այնպես, որ դրանց նվազագույն քանակներն ապահովեն նորմալ արյան ճնշում։ Հենց սկզբից չարժե օգտագործել բարձր չափաքանակով դեղորայք, որպեսզի ճնշումը միանգամից և կտրուկ չընկնի։ Դա վտանգավոր է և տհաճ։ Նման դեպքերում ստիպված ենք լինում փոխել դեղորայքը, սակայն այդ դեպքում էլ արյան ճնշումը կարող է կրկին «թռչել» և նույնիսկ ավելի, քան կար։ Ստացվում է «ճոճանակ», որը վտանգավոր է առողջության և ինքնազգացողության համար։ Եվ իհարկե, երբ արյան ճնշումը կարգավորվում է, դեղորայքը միանգամից փոխել չի կարելի։ Հարկավոր է ընտրել նվազագույն չափաքանակը, որը պահում է նորմալ արյան ճնշումը և օգտագործել երկար ժամանակ բժշկի հսկողությամբ։
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Խորհուրդ է տրվում տանը ունենալ տոնոմետր (արյան ճնշումը չափելու գործիք)՝ արյան ճնշումը հսկողության տակ պահելու համար։ Ցանկալի է ճնշումը չափել օրը 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան։
- Խուսափեք սթրեսներից, ինչպես նաև ֆիզիկական և նյարդային ծանրաբեռնվածությունից։
- Հետևեք եղանակային փոփոխություններին։ Եղանակի փոփոխությունները, մթնոլորտային ճնշման տատանումներն ազդում են նույնիսկ առողջ մարդկանց վրա։ Հատկապես վտանգավոր են ճնշման կտրուկ բարձրացումները, որոնք կարող են բերել հիպերտոնիկ կրիզների։ Նման օրերին հարկավոր է արյան ճնշումը պահել հսկողության տակ և չափել օրը մի քանի անգամ։ .
- Աշխատեք լիարժեք քնել։ Պառկեք քնելու և արթնացեք նույն ժամին։
- Շատ շարժվեք։ Վազքը, երկարատև քայլքը, զբոսնելը մաքուր օդում իջեցնում են արյան ճնշումը։
- Հետևեք մարմնի քաշին։ Քաշի նորմալացումը նպաստում է արյան ճնշման կարգավորմանը։
- Սննդում սահմանափակեք աղի և քաղցրի քանակը։
- Աշխատեք քիչ օգտագործել մսեղեն, քանի որ մսի մեծ քանակներ օգտագործելու դեպքում օրգանիզմում առաջանում է հոմոցիարեին կոչվող նյութը, որը նպաստում է արյան ճնշման բարձրացմանը։ Հիմնականում օգտագործեք բանջարեղենային ապուրներ, խուսափեք տապակած սննդից։
- Հիշեք, որ ալկոհոլը, կոֆեին պարունակող ըմպելիքները կարող են բարձրացնել արյան ճնշումը։
- Օգտակար են կիտրոնը, լոռամրգին ¥ՍսþՍՉՈ¤, սամիթը, մաղադանոսը, կաթնամթերքները ¥հատկապես մածունը¤, կանաչ ոլոռը և հաղարջը: