Մեկ օրում վարակվածների թվով Բրազիլիան անցավ նույնիսկ ԱՄՆ-ին

Մեկ օրում վարակվածների թվով Բրազիլիան անցավ նույնիսկ ԱՄՆ-ին

CNN-ի հաղորդման համաձայն՝ հիմնված Ջոն Հոպկինսի ինստիտուտի տվյալների վրա՝ Բրազիլիայում ուրբաթ օրը հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 54711 նոր դեպք: Մեկ օրվա կտրվածքով այս թիվն ավելի է, քան այս ընթացքում գրանցվել է վարակվածներով ամենաշատն աչքի ընկնող Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այստեղ մեկ օրվա կտրվածքով հաստատված դեպքերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ապրիլի 25-ին՝ 48529 մարդ: 

Բրազիլիայի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ թվերի նման աճը պայմանավորված է նաև երկրի մի շարք նահանգներից եկող թերի տվյալներով, մասնավորապես խոսվում է Բաիյաից, Ռիո-դե-Ժանեյրոյից և Սան-Պաուլուից հունիսի 18-ի ներկայացված տվյալների մասին:

Նկատենք, որ Սան-Պաուլուն երկրի ամենախիտ բնակեցված նահագն է, ինչպես նաև համարվում է երկրում կորոնավիրուսի համավարակի բռնկման էպիկենտրոնը: Սան-Պաուլուից նոր դեպքերի հետ կապված հինգշաբթի օրը հայտնել են 1111 հաստատված նոր դեպքի, իսկ ուրբաթ օրը 19030 հաստատված նոր դեպքի մասին:

Բրազիլիայի առողջապահության նախարարության հաղորդագրությունում ասվում է, որ միայն շաբաթվա կտրվածքով իրավիճակը վերլուծելուց և գնահատելուց հետո հնարավոր կլինի ավելի ճշգրիտ խոսել նոր դեպքերի հետ կապված փոփոխությունների մասին՝ համեմատելով մեկ շաբաթ առաջ ունեցած պատկերի հետ:

Թվերի նման կտրուկ աճից հետո Բրազիլիան դարձել է աշխարհում երկրորդ երկիրը Միացյալ Նահանգներից հետո, որտեղ ընդհանուր հաշվով արդեն վարակվել է մեկ միլիոնից ավելի մարդ:

Հավելենք, որ worldometers-ի վերջին տվյալների համաձայն՝ հունիսի 20-ի ժամը 13:00-ի դրությամբ Բրազիլիայում ընդհանուր հաշվով վարակվել է 1,038,568 մարդ, մահացել է 49,090, բուժվել է 520,360 պացիենտ:

wp-apeth