«Եթե 0.1 տոկոս կասկած կա, ավելի լավ է այս պրոցեսը չսկսենք». Փաշինյանը՝ զոհված զինծառայողների ծնողներին

«Եթե 0.1 տոկոս կասկած կա, ավելի լավ է այս պրոցեսը չսկսենք». Փաշինյանը՝ զոհված զինծառայողների ծնողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել զոհված զինծառայողների ծնողների հետ:

«Հարգելի սգակիր ծնողներ, հարգելի գործընկերներ,
մեր պայմանավորված հանդիպումը մոտ 2 ամիս ուշ է տեղի ունենում: Պատճառն այն է, որ մենք հույս ունեինք, որ համավարակը հաղթահարած կլինենք, այսինքն՝ չէինք ուզում, որ համավարակի պայմաններում հանդիպումը տեղի ունենա: Բայց քանի որ համավարակը ձգվում է, և հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ որոշեցինք, որ, այնուամենայնիվ, չսպասենք համավարակի հաղթահարմանը և սկսենք մեր պայմանավորված աշխատանքը:

Ես տեղյակ եմ, որ այս ընթացքում աշխատանքը ոչ մի րոպե կանգ չի առել, որովհետև պայմանավորվել էինք, որ վստահելի խումբ պետք է ձևավորենք, որը, ըստ էության, պետք է տա այն հարցերի պատասխանը, որ հուզում է ոչ միայն ձեզ, այլև մեզ բոլորիս, մեր հանրությանը: Եվ պայմանավորվել ենք նաև, որ սա շատ կարևոր առանձնահատկություն է, որ մենք պետք է այնպես սկսենք պրոցեսը, որ արդյունքում ինչ պատասխան էլ ստացվի, բոլորս ի գիտություն ընդունենք այդ պատասխանը և առաջնորդվենք այդ պատասխանով: Դրա համար մեր պայմանավորվածությունն է, որ դուք պետք է ներկայացնեք ձեզ համար վստահելի փաստաբանական խումբ, իմ կողմից նույնպես պետք է ներկայացված լինեն, և այդ հարցերի պատասխանը պետք է ստանանք:

Որպեսզի մենք տեղապտույտի վիճակում չհայտնվենք, այս աշխատանքային խմբի համար շատ կարևոր է, որ մենք աշխատանքային խմբին մի պահ հնարավորություն տանք, որպեսզի նրանք կտրված գործեն մեր ունեցած կարծիքներից, համոզմունքներից, մեր մտածածից և ցանկությունից: Օրինակ, մեր հնարավոր ամենամեծ ռիսկերից մեկը ո՞րն է՝ եթե ինձ ներկայացնող մարդիկ որոշեն, որ իրենք պետք է նախաքննության վարկածը պաշտպանեն մինչև վերջ՝ անկախ փաստերից, և ծնողներին ներկայացնող մարդիկ որոշեն, որ իրենք, անկախ փաստերից, պետք է ծնողների առաջ քաշած վարկածը պաշտպանեն: Այսպես մենք խնդիրը ոչ միայն չենք լուծի, այլև կխորացնենք: Արդյունքում կստացվի, որ մենք այսքան աշխատեցինք ու արդյունքի չհասանք:

Ես հույս ունեմ, որ ձեր մեջ կա անբեկանելի համոզմունք, որ ինձ համար ճշմարտությունից ավելի բարձր արժեք այս իրավիճակում գոյություն չունի: Ես կրկին եմ ասում՝ եթե ձեզ մոտ թեկուզ 0.1 տոկոս կասկած կա սրա հետ կապված, ավելի լավ է մենք այս պրոցեսը չսկսենք: Չեմ ասում 5, 6, 7, 1, եթե ձեր մեջ նույնիսկ 0.1 տոկոս կասկած կա, որ այս պրոցեսում, ճշմարտությունից բացի, անձամբ ես ուրիշ շահ ունեմ, ուրեմն իմաստ չունի այս պրոցեսը սկսել: Ես պատրաստ եմ ընդունել ցանկացած ճշմարտություն, ես չգիտեմ՝ ինչ է լինելու վերջը, ճշմարտությունը, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է այսպես տրամադրվի»,-ասել է վարչապետը:

Վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը և զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը ներկայացրել են համատեղ այլընտրանքային քննչական խմբի ձևավորման ուղղությամբ կատարված աշխատանքը: Համատեղ խումբ ստեղծելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել վարչապետի և զոհված զինծառայողների ծնողների հետ այս տարվա մարտ ամսին կայացած հանդիպման արդյունքում: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև՝ խմբում ներառել զոհված զինծառայողների իրավահաջորդների համար վստահելի 3 իրավաբանի և վարչապետի կողմից առաջադրված 3 իրավաբանի:

Նշվել է, որ հեռավար քննարկումների շրջանակում մշակվել է խմբի գործունեության աշխատակարգը: Աշխատակարգով նախատեսվում է ձևավորել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ընդհանուր առմամբ 8 քրեական գործ, յուրաքանչյուր գործով առանձին հանդիպում կունենա զոհված զինծառայողի իրավահաջորդի հետ, և առկա նյութերի համալիր ուսումնասիրության արդյունքում խորհրդատվական եզրակացություն կներկայացնի վարչապետին: Ընթացքի մեջ են խմբի կազմում իրավաբանների ներգրավման աշխատանքները, փոխհամաձայնեցվել է քրեական գործերի ուսումնասիրության հերթականությունը:

Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետ Փաշինյանը լսել է ծնողների հարցերն ու առաջարկները խմբի գործունեության սկզբունքների վերաբերյալ: Ծնողների առաջարկությամբ՝ որոշվել է խմբի կազմում որպես իրավաբան ընդգրկել զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանին: Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքային կարգով քննարկումները:

wp-apeth