Չնայած համավարակին՝ 70 տարեկան «Մարականայում» կրկին ֆուտբոլ կխաղան
Սպասվում է, որ Բրազիլիայի նախագահ Ջեյր Բոլսոնարուն ներկա կգտնվի «Մարականայում» կայանալիք «Ֆլամենգո» — «Բանգու» հանդիպմանը, որը տեղի է ունենալու Ռիո-դե-Ժանեյրո նահանգի առաջնության (Լիգա Կարիոկա) շրջանակներում: Մի շարք քաղաքներում այդ թվում նաև Ռիոյում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները որոշակի առումով թուլացրել են չնայած նրան, որ երկրում համավարակը շարունակում է տարածվել: Առաջնությունը դադարեցվել էր երեք ամիս առաջ արտակարգ դրության պատճառով, հաշվետու մրցավեճը տեղի է ունենալու առանց հանդիսականների:
Այս ֆոնին դեռ հայտնի չէ, թե երբ կսկեն ֆուտբոլ խաղալ Սան-Պաուլու նահանգում, որը կորոնավիրուսից ամենատուժածն է երկրում ինչպես վարակվածների, այնպես էլ մահացածների առումով: Նահանգի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնել են, որ իշխանությունները չնայած նրան, որ խաղերը վերսկսելու ժամկետների հետ կապված դեռ հստակ որոշում չկա, թույլ տվել են վերսկսել մարզումները:
Հավելենք, որ «Մարականա» մարզադաշտն արդեն 70 տարվա պատմություն ունի: Այն կառուցվել է 1950 թվականի Աշխարհի առաջնության համար: Այդ ժամանակ իր չափերով հավասարը չի ունեցել աշխարհում: Հատկանշական է, որ այդ առաջնության եզրափակչին, որի ընթացքում տանտերերը պարտվել են ուրուգվայցիներին, տրիբունաներից հետևել են մոտ 200 հազար երկրպագու: Ռեկորդը մինչ օրս չի գերազանցվել:
Համաձայն worldometers-ի վերջին տվյալների՝ Բրազիլիայում ընդհանուր հաշվով կորոնավիրուսով վարակվել է 934,769 մարդ, մահացել է 45,585, բուժվել 477,364 պացինետ: Բոլոր երեք ցուցանիշով Բրազիլիան աշխարհում երկրորդ տեղում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից հետո:
Ռիո-դե-Ժանեյրոյում ընդհանուր հաշվով վարակվել է մոտ 80 հազար, մահացել՝ 7 հազարից ավելի մարդ: Ինչ վերաբերում է Սան-Պաուլուին, ապա այստեղ վարակվածների ընդհանուր թիվն անցնում է 178 հազարը, մահացել է 10 հազարից ավելի մարդ: