Ծառայությունը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի

Ծառայությունը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի

Մարտի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է Փրկարար ծառայության հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում Կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների նպատակով իրականացրած աշխատանքների, ՀՀ վարչապետի և արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականների և դրանից բխող գործողությունների կատարման ընթացքի, ինչպես նաև, իրավիճակով պայմանավորված՝ առաջացած հարցերի վերաբերյալ:

Տնօրենին զեկուցվեց Երևանում և մարզերում գործող Արտակարգ իրավիճակների հանձնաժողովների արտահերթ նիստերի անցկացման մասին, որտեղ քննարկվել են ՀՀ վարչապետի հանձնարարականով «Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի (COVID-19) պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման պլան»-ից բխող ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով սահմանված «Համաճարակի դեպքում մարզային (Երևան քաղաքի) մակարդակում գործողությունների պլան–ժամանակացույց»-ի ներդրումն ապահովող կազմակերպչական հարցեր։

Ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանը զեկուցեց, որ երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակով պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման պլանի համաձայն՝ 9-րդ կետով, ԱԻՆ ՓԾ կողմից ձևավորվել են մասնագիտացված թիմեր՝ շտապ օգնության ֆելշերային 4 բրիգադ, բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի:

Զեկուցվեց նաև, որ Մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների ու Հայկական ատոմային էլեկտրակայանի հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատի ստորաբաժանումներում ստեղծվել են համապատասխանաբար 5 և 10 փրկարարից բաղկացած համահավաք հատուկ վարակազերծման խմբեր, ի լրումն արդեն իսկ գործող թվով 5 մասնագիտացված ճառագայթային, քիմիական և կենսաբանական մոնիթորինգի թիմերի։

Քննարկվեցին կարանտինային և կանխարգելիչ միջոցառումներում ներգրավվող հատուկ տեխնիկայի հատկացման ու վարակազերծման հարցեր։

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը զեկուցեց, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով դասընթացները բոլոր ուսումնական հաստատություններում դադարեցվել են, և իրենք կրկին էլեկտրոնային եղանակով կշարունակեն ուսուցումը:

Խորհրդակցության ընթացքում հանձնարարվեց 911 ծառայության հերթապահ բժշկական և հոգեբանական աջակցության 24–ժամյա ծառայության անձնակազմի հետ շարունակել իրականացնել կրկնակի հրահանգավորում՝ վարքականոնների իմացության և իրազեկման նպատակով օգտագործել Առողջապահության նախարարության հրահանգները՝ որպեսզի առավել արդյունավետ ու օպերատիվ իրականացվեն բնակչության հետ տարվող աշխատանքները:

Հանձնարարվեց բոլոր հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներում խիստ վերահսկողություն սահմանել անձնակազմի առողջական վիճակի և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ուղղությամբ՝ արձագանքման խմբերի մարտունակության ապահովման նպատակով:

Վ. Գաբրիելյանը նշեց, որ ԱԻ նախարարի հրամանի համաձայն, չեղարկվում են բոլոր արտերկրյա գործուղումներն ու միջոցառումները, իսկ երկիր ներսում իրականացնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Խորհրդակցության ընթացքում Վ. Գաբրիելյանն անդրադարձավ նաև Փրկարար ծառայության գործունեության հետ առնչվող մի շարք այլ հարցերի:

wp-apeth