Բարեխիղճ բանկերը. ստուգայցերը շարունակվում են
Հայաստանի Հանրապետությունում գործող հանրային սննդի կետերում, խանութներում ու արտադրական կազմակերպություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր էլ շարունակել է ստուգել պարետի որոշումների կատարման գործընթացը:
Երևանի Էրեբունի վարչական շրջանում կատարված մշտադիտարկումների ընթացքում հայտնաբերվել են խախտումներ հիմնականում կապված ջերմաչափման և ախտահանման մատյանների թերի լրացման, խանութներում հաճախորդների միջև սոցիալական հեռավորության պահպանումն ապահովելու համար նախատեսված գծանշման, ախտահանման ոչ պատշաճ միջոցների օգտագործման հետ:
ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցը՝ Էրեբունի վարչական շրջանում. բանկերն առավել բարեխիղճ են անվտանգության պահպանման հարցում
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Երեւանի Էրեբունի վարչական շրջանում։ Այստեղ նախորդիվ կատարված մշտադիտարկումներից եւ ստուգայցերից հետո, ըստ դիտարկումների, իրավիճակը զգալիորեն փոխվել է․ տնտեսավարողներն առավել իրազեկ են ու տեղեկացված պարետի սահմանած անվտանգության կանոններին՝ կանխելու կորոնավիրուսի հետագա տարածումը, նաեւ առավել բարեխիղճ են դրանց պահպանման հարցում։ Առավել զգուշավոր ու բարեխիղճ են այս առումով բանկերը։
Միաժամանակ, իրազեկման, խորհրդատվական, մշտադիտարկման, նաեւ կասեցման աշխատանքների արդյունքում զգալիորեն պակասել են արձանագրվող խնդիրները։ Վերջինների շարքում առավել հաճախ արձանագրվում են դիմակ կրելու կամ ճիշտ կրելու, ախտահանման աշխատանքների եւ ախտահանիչ նյութերի ճիշտ կիրառման, ջերմաչափման խախտումներ եւ այլն։
Ստուգայցերի դիտարկման տիրույթում են գրանցամատյանների, ջերմաչափերի, ախտահանիչ նյութերի առկայությունը, ձեռքերի լվացման և չորացման պայմանները, դիմակների, ոտնակով աղբամանների առկայությունը և պարետի սահմանած այլ պահանջներ: Արձանագրված խախտումների հիմքով որոշ տնտեսավարողների վերաբերյալ ժամանակավոր կասեցման միջնորդություններ կներկայացվեն պարետատուն:
ԱԱՏՄ-ն կրկին հիշեցնում է՝ ստուգայցերն ամեն օր են եւ ամենուր ու հորդորում է խստագույնս պահպանել անվտանգության կանոնները․ հանրային առողջապահական շահի տեսանկյունից դրանց պահպանումը կարեւորագույն նշանակություն ունի։ Այլապես, կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։
Կրթության տեսչական մարմինը ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում
ՀՀ կրթության տեսչական մարմինը կորոնավիրուսային (Covid 19) համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացնում է ամենօրյա ռեժիմով։
Այսօր մշտադիտարկումներ իրականացվել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործող մանկապարտեզներում։ Տեսչական մարմինը ստուգայցերի ընթացքում մշտադիտարկում է սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը՝ մանկապարտեզների հոսող տաք և սառը ջրով ապահովված լինելը, փակվող կափարիչով աղբամանների առկայությունը, սպասքի լվացման կանոնների պահպանումը և այլն։
Հնարավոր թերացումներն անհապաղ վերացնելու համար Կրթության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրվում են ցուցումներ, իսկ արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է պարետատուն։
ՔՏՀԱՏՄ-ն Էրեբունի վարչական շրջանում վերահսկել է հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման գործընթացը
Հունիսի 17-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և ՀՀ Ոստիկանության աշխատակիցները համատեղ վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Վարչական շրջանում իրականացված դիտարկումների ընթացքում, ինչպես նախորդ օրը, այնպես էլ այսօր, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում արձանագրվել են դեպքեր, երբ տրանսպորտային միջոցներում ձեռքերի համար նախատեսված ախտահանիչ նյութի փոխարեն հեղուկի տարայում առկա է եղել սովորական ջուր, հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ, ինչպես նաև գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտային միջոցներ։
Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են կրկին դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր։ Արձանագրված նման կոպիտ խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ Խիստ վերահսկողական աշխատանքներին զուգահեռ, Տեսչական մարմնի մասնագետների կողմից վարորդների և ուղևորների շրջանում իրականացվել են իրազեկման աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ՝ թերություններն անհապաղ շտկելու և ՀՀ պարետի որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով։ Հավելենք, որ Տեսչական մարմնի կողմից վերահսկողական գործառույթներն ամենօրյա և շարունակական բնույթ են կրելու։
Ամփոփ
Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով՝
16.06.2020-ի դրությամբ իրականացվել է 29286 ստուգում, որից միայն 670-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
- ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՀՀ կրթության տեսչական մարմին
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին