Ստուգայցեր և կասեցումներ՝ ամբողջ երկրում․ վերջինների թվում է «Փեթակը»

Ստուգայցեր և կասեցումներ՝ ամբողջ երկրում․ վերջինների թվում է «Փեթակը»

Ուժեղացված վերահսկողական աշխատանքներ՝ Շենգավիթ վարչական շրջանում․ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի դիտակետում այսօր Երեւանի այս հատվածում գործող տնտեսավարողների կողմից անվտանգության նորմերի պահպանումն էր։ Ստուգայցերն անակնկալ են, տնտեսավարողները դրանց վերաբերյալ չեն զգուշացվում։ Բացի կոնկրետ այս վարչական շրջանից՝ դրանց ամենօրյա անցկացումը շարունակվում է ողջ հանրապետությունում, առաջնահերթորեն նաեւ՝ ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերի հետքերով։

Արձանագրվող խախտումներին հետեւում են պարետի կասեցման որոշումները։ Վերջինների համաձայն՝ այսօր եւս Երեւանում եւ մարզերում արգելվել է շուրջ 7 տասնյակ տնտեսավարողի գործունեություն, այդ թվում՝ «Փեթակ» առեւտրի կենտրոնն՝ ամբողջությամբ, առեւտրի մեծ ու փոքր օբյեկտներ, դեղատներ ու անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվողներ։
«Փեթակ» առեւտրի կենտրոնում, որի աշխատանքն արգելվեց 24 ժամով, ԱԱՏՄ ստուգայցն արձանագրել է մի շարք խախտումներ` տաղավարների գերխիտ դասավորություն, մինչեւ 20 քմ տարածքով վաճառակետում 2-ից ավելի անձանց ներկայության չբացառում, գծանշումների, ջերմաչափման, սոցիալական հեռավորության չպահպանման, դիմակները պատշաճ չկրելու եւ մի շարք այլ խախտումներ։ Տնտեսավարողին կարգադրվել է անհապաղ դադարեցնել աշխատանքը եւ շտկել խախտումները։

Նկատի ունենալով միտումը, որ անվտանգության կանոնների խախտման ամենամեծ մասը բաժին է ընկնում մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտներին եւ ծառայությունների ոլորտին՝ ԱԱՏՄ-ն հերթական անգամ իրազեկում է պարետի սահմանած անվտանգության կանոնների մասին։ Ըստ այդմ, մասնավորապես, այդ տնտեսավարողների մոտ բոլոր տարածքները՝ հատակը, կրպակները, դարակները, զուգարանները, ախտահանվում են օրական առնվազն 2 անգամ՝ 60-80% սպիրտային կամ քլորի հիմքով ախտահանիչ նյութերով։ Հարկ է հիշել, որ 96 տոկոսանոց սպիրտի գործածությունը կամ այն ջրով նոսրացնելն արգելված է։ Սայլակների ու զամբյուղների, դռների բռնակները, վերելակների կոճակները, բազրիքները և բանկային տերմինալներն ախտահանվում են 2 ժամը մեկ: Տարածքը պարտադիր օդափոխվում Է, ապահովվում է փակվող աղբարկղերով: Ամեն աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ, գրանցվում են նրանց առողջական վիճակի տվյալները։ Անձնակազմի բոլոր անդամները պարտադիր կրում են դիմակ։

Արգելվում է առանց դիմակի հաճախորդի մուտքը առևտրի տարածք և նրանց սպասարկումը: Հարկ է բացառել մարդկանց կուտակումները: Վճարման եւ վաճառքի տաղավարների մոտ առնվազն 1.5 մետր հեռավորությամբ իրականացվում է գծանշում, մինչեւ 20քմ տարածքով խանութներում միաժամանակ 2-ից ավելի մարդ չպետք է ներկա լինի։ Ապրանք բերող տրանսպորտի սրահն ամեն օր պետք է ախտահանվի։ Ամեն օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք, ինչից առաջ խանութի սրահը պետք է ախտահանվի։

ՔՏՀԱ տեսչական մարմինը կրկին ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ Պարետի N 110 որոշմամբ նախատեսված անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու և համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից խստացված ռեժիմով վերահսկողական աշխատանքներ են իրականացվել Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։

Չնայած այն հանգամանքին, որ վերջին օրերին հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման իմաստով խախտումները օրական նվազում են, այնուհանդերձ, հունիսի 16-ին Շենգավիթ վարչական շրջանի մի շարք վայրերում իրականացված դիտարկումների ընթացքում արձանագրվել է նախորդ օրերին հաճախ կրկնվող ընդհանուր բնույթի խախտումներ և թերություններ։

Կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում արձանագրվել է ախտահանիչ հեղուկի բացակայություն, որոշ տրանսպորտային միջոցներում ձեռքերի համար նախատեսված ախտահանիչ նյութի փոխարեն հեղուկի տարայում հայտնաբերվել է սովորական ջուր, նաև գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտայի նմիջոցներ։

Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում հայտմաբերվել են խատումներ դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ, ինչպես նաև հայտնաբերվել են առանց դիմակի, առանց ձեռնոցի վարորդներ։

Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ Մնացած դեպքերով տեղում իրականացվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ՝ թերություններն անհապաղ շտկելու նպատակով:

Արտակարգ դրության պայմաններում ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից հանրապետության ողջ տարածքում մշտադիտարկումներն ու վերահսկողական գործառույթները լինելու են ամենօրյա և կրելու են շարունակական բնույթ։

ՍԱՏՄ-ն կասեցրել է սննդի շղթայում գործող հարյուրից ավելի կազմակերպությունների աշխատանքը. շրջայցերը շարունակվում են

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված վերահսկողությունը և, լայնածավալ դիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով, 24 ժամով կամ երբեմն ավելի երկար ժամկետով կասեցվում է տնտեսվարողների գործունեությունը:

Այսօր էլ կասեցումները հաջորդել են միմյանց հանրապետության ողջ տարածքում. 24 ժամով աշխատանքը դադարեցրել են հարյուրից ավելի տնտեսավարողներ, դրանցից 2-ը՝ 48 ժամով:

Հայտնաբերված հիմնական խախտումներն են անձնակազմի դիմակ և ձեռնոցներ չկրելը կամ ոչ ճիշտ կրելը, հաճախորդների մուտքը օբյեկտ առանց ջերմաչափելու թույլ տալը, ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյանների չվարելը կամ թերի վարելը, մուտքերի մոտ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղերի բացակայությունը, սեղանների շուրջ նստած անձանց սոցիալական հեռավորությունը չապահովելը:

ՍԱՏՄ-ն իրականացրել է նաև ակտիվ ստուգայցեր՝ փորձելով բացառել պարետի սահմանած կանոնների շրջանցումը: Ընդհանուր դիտարկումները փաստում են, որ տնտեսավարողները ներկայում առավել բարեխիղճ մոտեցում են ցուցաբերում պարետի սահմանած կանոնների պահպանմանը։

Տեսչական մարմնի մասնագետները տնտեսավարողներին տրամադրում են խորհրդատվություն, տալիս են ցուցումներ, նաև ներկայացնում կասեցումների հիմնական նպատակը. ոչ միայն պատժել կարգազանցներին, այլև տալ արձանագրված խախտումները վերացնելու ժամանակ:

Կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր ուժեղացված մշտադիտարկում է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մանկապարտեզներում:

Տեսչական մարմնի աշխատակիցները մանկապարտեզներում վերահսկողություն են իրականացնում ՀՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ։ Ստուգայցերի ընթացքում արձանագրված խախտումները ներկայացվում են պարետատուն, իսկ թերացումների շուտափույթ վերացման վերաբերյալ տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրվում են համապատասխան ցուցումներ և խորհրդատվություն։

wp-apeth