Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի և Կոտայքի մարզի հյուրանոցառեստորանային համալիրներ

Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի և Կոտայքի մարզի հյուրանոցառեստորանային համալիրներ

Ոստիկանությունը, համագործակցելով տեսչական մերմինների հետ, շարունակում է արդյունավետ հսկողություն իրականացնել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանման նկատմամբ՝ այս համատեքստում իրականացնելով տարաբնույթ միջոցառումներ, հայտնում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հերթականը հունիսի 13-ին էր։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կոտայքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումնների ծառայողները, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների հետ, ուժեղացված ստուգայցեր իրականացրին մայրաքաղաքում և Կոտայքի մարզում գործող մի քանի տասնյակ ռեստորանահյուրանոցային համալիրներ։

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով՝ Պարետի որոշումներով պարտադիր կատարման ենթակա կանոններ են սահմանվել նաև այս տնտեսվարող սուբյեկտների համար։ Մասնավորապես, հյուրանոցառեստորանային համալիրներում պետք է խստագույնս պահպանվեն հիգիենայի կանոնները, լինեն ախտահանիչ նյութեր, աշխատակիցները պետք է իրականացնեն ախտահանում և փաստաթղթավորում, հաճախորդների և անձնակազմի ջերմաչափում, սպասարկման սրահներում հաճախորդների միջև սոցիալական հեռավորության պահպանում, արգելվում է մեկ սեղանի շուրջ հինգից ավելի անձանց առկայությունը, հանրային սննդի կազմակերպություններում ուղեկցվող ֆոնային երաժշտությունից զատ պետք է բացառվեն կենդանի կամ վերարտադրված երաժշտության կատարումները, ինչպես եւ՝ սոցիալական սերտ շփում ենթադրող այլ միջոցառումներ, այդ թվում՝ պարերը, ժամանցի և զվարճանքի այլ գործողությունները:

Ուժեղացված ստուգայցերի ընթացքում ոստիկանության ծառայողներն ու սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները հայտնաբերեցին 13 խախտում, որոնց փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Ուժեղացված ստուգայցերը շարունակվում են։

Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 33222 արձանագրություն, իսկ հունիսի 13-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1634 դեպք։

wp-apeth