Մահվան ելքով ՃՏՊ Գառնի գյուղի մոտ
ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 14-ին, ժամը 02։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի-Երևան ավտոճանապարհին՝ Գառնի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և զոհ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Գառնի գյուղի սկզբնամասում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Ա․, ծնված 1961 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 30 մ) հարակից ձորը։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը, ուղևորներ Արտակ Մ․-ն (ծնված 1973 թ․), Անահիտ Մ․-ն (ծնված 1967 թ․) և Անդրանիկ Մ․-ն (ծնված 1957 թ․) տեղափոխվել են Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, որտեղ վարորդի և Արտակ Մ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Անահիտ և Անդրանիկ Մ․-երինը՝ բավարար։
Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից մոտ 5 մ հեռու հայտնաբերել են Անահիտ Դ․-ի (մոտ 50 տարեկան) դին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և քաղաքացու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: