Ի հեճուկս կորոնավիրուս կոչված տագնապի՝ Յոթ վերքն այսօր պատարագին մարդաշատ էր
Այժմ շատ են խոսակցությունները եկեղեցիները փակելու մասին, իսկ այն մարդիկ, ովքեր համաճարակին դիմադրելու կոչ են անում նաև հավատքի տեսանկյունից, արժանանում են հասարակության պարսավանքին։ Այժմ, ես, որպես քրիստոնյա, ստիպված եմ արտահայտել իմ տեսակետը, որը կարծում եմ, կհամընկնի իմ շատ հավատակից ընկերների տեսակետի հետ (ստիպված եմ խոսել, քանի որ ինձ հորդորում են եկեղեցի չգնալ այն մարդիկ, ովքեր եկեղեցու տեղը անգամ չգիտեն)։ Իմ համեստ կարծիքով՝ կյանք տվողն ու վերցնողը Աստված է։ Ինչ հիվանդություն ու պրոբլեմ էլ որ լինում է մեր կյանքում, մեր մեղքերի արգասիքն են։ Հիմնավորեմ.
Կորոնավիրուսը Հայաստան մուտք գործեց մեծ պահքի նախօրերին։ Պահքը ենթադրում է պահեցողություն, այսինքն կնունք, ծնունդ, նշանդրեք, հարսանիք և այլ տոնակատարություն պետք է որ անընդունելի լիներ ժողովրդի կողմից (պատկերավոր ասած՝ մինի կառանտին)։ Սա վերաբերում է հատկապես այն արարողություններին, որոնք ուղղակիորեն առնչվում են եկեղեցու հետ։ Եթե լիներ այն գիտակցումը, որ պահոց շրջանում չի կարելի նշանադրություն անել, ապա Էջմիածինը, միգուցե, այժմ շատ ավելի հանգիստ վիճակում լիներ, քան հիմա։ Սա չի նշանակում, որ միանում եմ բոլոր այն մոլագարներին, ովքեր դատավորի կերպար ընդունած դատափետում են էջմիածնեցի խեղճ կնոջը, քավ լիցի, ես ինքս մեղավորների մեջ երևի ամենամեղավորն եմ։
Սակայն Աստծո պատվիրանը պահելը, շահեկանորեն կանդրադառնար բոլորիս վրա այս ճգնաժամային պահին։ Եթե ծանոթ եք եկեղեցական ծեսերին, պետք է իմանաք, որ պահքի շրջանում պատարագներին մարդկանց չի տրվում հաղորդություն, չեն համբուրում ավետարանը կամ խաչը։ Այսինքն պատահականորեն (կարծում եմ պատահականություններ չեն լինում) այնպես ստացվեց, որ եկեղեցիներում վարակի տարածման հավանականությունը նվազեց։ Այս վիճակից եկեղեցին դուրս է գալու զատիկին ու կարծում եմ, էլի իմ համեստ կարծիքով, մինչև զատիկ մեր մոտ հանդարտվելու է համաճարակի վտանգը՝ եթե խելքներս գլուխներս հավաքենք։
Եթե անգամ անհավատ ենք ու խիստ գիտական, ապա անգամ այս պարագայում չպետք է մարդկանց մեղադրել հիվանդությանը հավատքով հակազդելու մարդկանց փորձերին, քանի որ ինքնաներշնչանքը՝ պլացեբոյի հայտնի էֆեկտով, կարող է շատ ավելի էֆեկտիվ լինել հիվանդության դեմ, քան շատ այլ դեղեր։
Պահքի շրջանում եթե հետևենք եկեղեցուն, պետք է ստամոքսներս թեթև պահենք, առավելապես օգտվենք բուսական սննդամթերքից՝ հրաժարվենք յուղոտ ու ճենճոտ մթերքից, մինչև գիտակցության կորուստը սպիրտ ընդունելուց և այլնից։ Միանշանակ է, որ բուսական թեթև սնունդը ևս մեր համար օգտակար կլիներ այս ճգնաժամին։
Եթե լինեինք մի քիչ քրիստոնյա, ապա խանութներն ու դեղատները դատարկելուց առաջ կմտածեինք, որ այդ քայլով վնասում են մնացած այն մարդկանց, ովքեր զրկված են մթերք կամ դեղ կուտակելու հնարավորությունից։ Ինչպես կարող է իրեն լավ զգալ տունը պաշար կուտակած մարդը, ով գիտի, որ իր հարևանը սովից կամ դեղերի պակասությունից կոտորվելու է։
Ինչու Իտալիան դարձավ այս վարակի ամենածանր զոհը. ավետարանում, եթե ինչ որ մեկը հանդգնի բառ ու տառ փոխել, արժանանալու է ծանր անեծքի։ Հռոմի պապը վերջերս հայտարարեց Ավետարանի «թարմացման» մասին, փորձեց «Հայր մեր»-ի տեքստը փոխել և այլն. ահա պատասխանը՝ կրկին իմ համեստ կարծիքով։ Ինչու մեր մոտ ամեն ինչ Էջմիածնում սկսվեց, այն պարագայում, երբ հենց Էջմիածնում է Հիսուս Քրիստոսին խոցած գեղարդը, որը տարիներ առաջ բազմաթիվ համաճարակներ է բուժել։ Գեղարդն ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում՝ մի երկաթի կտոր, մարդկանց փրկել է իրենց հավատքը։ Ու այժմ, երբ հավատքը մոռացել ենք, իսկ Աստծո խոսքը դարձրել երկրորդական, պատասխանն իրեն չի սպասեցնում։
Ես մոլագար չեմ ու ոչ էլ կույր հավատացյալ, ինձ ճանաչողները գիտեն, որ քիչ թե շատ կհասկանամ մարդկային ֆիզիոլոգիայից, այն շարքից հանող հիվանդություններից կամ ժամանակակից տեխնոլոգիաներից, բայց հոգուս խորքում ես վստահ եմ, որ ամենակարող վակցինան ու դեղամիջոցը Աստված է։ Գիտակցում եմ նաև, որ չպետք է հիվանդ լինելու պարագայում հաճախել եկեղեցի ու մարդկանց դնել վտանգի մեջ, ես տարբերում եմ կույր հավատքն ու կենարար հավատքը։ Ես գիտեմ, որ չի կարելի փորձել մեր Տեր Աստծուն ու գիտակցաբար վտանգի տակ դնել սեփական առողջությունը։ Բայց մի բանում վստահ եմ՝ կյանք տվողն էլ, կյանք վերցնողն էլ Աստված է։ Խիստ չդատեք, սա իմ համեստ ու մյուսներին ոչինչ չպարտադրող կարծիքն է՝ համեմված իրար սիրելու, Աստծուն վստահելու և մարդ մնալու խնդրանք-հորդորով։