Հանվել է համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկ սահմանելու իմպերատիվ պահանջը
Կառավարության արտահերթ նիստի ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ որոշման փոփոխությունները: «Նախ առաջարկվում է արտակարգ դրության ընթացքում սահմանափակել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորությունները, որ վերջինս հնարավորություն ունենա արգելանք չդնել կամ բռնագանձում չտարածել այն դրամական միջոցների վրա, որոնք տրամադրվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջացումը կանխարգելելու կամ կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար»,-նշել է նախարարը:
Հանվել է նաև համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկ սահմանելու իմպերատիվ պահանջը՝ դա թողնելով ըստ իրավիճակի առողջապահության նախարարի կողմից սահմանելուն: Ի տարբերություն առկա կարգավորման, երբ պարետի որոշմամբ պետք է սահմանվեն այն տարածքները, որտեղ արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը և անցկացումը և դրանց մասնակցությունը, որոշմամբ առաջարկվում է արգելքը տարածել ՀՀ ողջ տարածքում, իսկ պարետն այս արգելքից կարող է բացառություններ նախատեսել: Հստակեցվել է նաև տնտեսական գործունեություն իրականացնող առանձին սուբյեկտների գործունեության սահմանափակման հնարավորությունը նաև նրանց աշխատակիցների մոտ վարակի առկայության հայտնաբերման կամ դրա կասկածի դեպքում: