Կորոնավիրուսն աշխարհում. Հնդկաստանն անցավ Բրիտանիայից, այլ տվյալներ ու կարևորի մասին մեկ տողով
Համաձայն worldometers-ի տվյալների՝ հունիսի 12-ի ժամը 11:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 600 հազարը (7,600,265), մահացել է 423,901, բուժվել՝ 3,843,996 պացիենտ:
Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոնը՝ 2,089,825 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան (805,649), Ռուսաստանը (502,436), Հնդկաստանը (298,283), Մեծ Բրիտանիան (291,409) և Իսպանիան (289,787):
Մահացությունների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (116,035), հետո գալիս են Մեծ Բրիտանիան (41,279), Բրազիլիան (41,058), Իտալիան (34,167), Ֆրանսիան (29,346), Իսպանիան (27,136), Մեքսիկան (15,944), Բելգիան (9,636), Գերմանիան (8,851), Իրանն (8,584) ու Կանադան (7,994):
Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (816,174), հետո գալիս են Բրազիլիան (396,692), Ռուսաստանը (261,150), Գերմանիան (171,600), Իտալիան (171,338), Թուրքիան (147,860), Իրանը (142,663), Հնդկաստանը (147,195) և Չիլին (126,444):
- Կառավարությունն այսօր իր արտահերթ նիստում որոշում կայացրեց 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը: Այն կտևի մինչև հուլիսի 13-ը ժամը 17-ը: Այս որոշումից հետո այսօր այն կներկայացվի Ազգային ժողովի հատուկ նիստում: Արտակարգ դրության ժամկետն ավարտվում է հունիսի 13-ին:
- Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների նոր դեպքերի հետ կապված դրական տեղաշարժ է նկատվում: Նոր դեպքերի աճի տեմպը դանդաղել է, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկը:
- Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը մեկնաբանել է ԱՀԿ-ն առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայքլ Ռայանի խոսքերը: Վերջինս Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածություններն անվանել է «տարօրինակ ցածր»: Վույնովիչն ընդգծել է, որ ԱՀԿ-ը Ռուսաստանում COVID-19-ի վիճակագրության հետ կապված որևէ առարկություն չունի:
- Մայամիի լողափերը կաշխատեն այսուհետ նոր կանոններով: Մայամի-Բիչի հայտնի լողափերը բաց են լողանալու, սերֆինգի և արևային լոգանքներ ընդունելու համար, բայց այցելուները չեն կարող օգտվել հասարակական վայրերից, օրինակ, խաղահրապարակներից: Այնտեղ չի կարելի հավաքվել 10 մարդուց ավելի, իսկ զագար ընդունողները պետք է դիմակ կրեն:
- Բոլիվիայի իշխանությունները երկուշաբթի օրվանից կփակեն երկրի հյուսիսում գտնվող Կոբիխա քաղաքը կորոնավիրուսի պատճառով:
- Շվեդիայի առողջապահության գործակալության գլխավոր տնօրեն Յոհան Կալսոնը կարծում է, որ չի հաջողվի աշնանը խուսափել կորոնավիրուսի երկրորդ ալիքից: