Արցախում մեկ ամսով երկարաձգվեց արտակարգ դրությունը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։
Հավելենք, որ Արցախի Հանրապետության Պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է որոշում, համաձայն որի, հատուկ ռեժիմ է սահմանվում Հադրութի շրջանի Հարթաշեն, Քյուրաթաղ, Ակնաղբյուր, Ուխտաձոր համայնքներում:
Համայնքների վարչական սահմանները ներառող ընդհանուր տարածք մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները կիրառվելու են հունիսի 11-ին՝ ժամը 14-ից սկսած:
Հատուկ ռեժիմ կիրառելու անհրաժեշտությունը ծագել է կորոնավիրուսով հիվանդ Ստեփանակերտի բնակչի շփման շրջանակը պարզելու արդյունքում: Վարակված անձը համայնքերից մեկում մասնակցել էր սգո արարողության:
Համայնքներում կասկածվող շրջանակներից թեստավորման նպատակով նմուշառում է իրականացվում:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ: Բոլոր նոր հաստատված դեպքերը Ստեփանակերտից են: Վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս պահին մեկուսացված է 79 քաղաքացի: Հիվանդությունը, ընդհանուր առմամբ, հաղթարել է 43 քաղաքացի: Թեստավորումների նպատակով առայսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1224 նմուշառում: