Առավոտվա դրությամբ հոսպիտալիզացիայի կարիք ունեն 32 հոգի
Թվային առումով ունենք հետևյալ պատկերը՝ երեկ արձանագրված նոր դեպքերի թիվը հասել է 566-ի՝ ի տարբերություն նախորդ օրվա 428-ի: Սա բացարձակ թվով, իհարկե, նշանակալի աճ է, սակայն պետք է փաստենք նաև, որ հետազոտությունների թիվն էլ է մոտավորապես այդքան տոկոսով մեծ եղել. արվել է 2233 թեստ՝ նախորդ օրվա 1751-ի փոխարեն, այսօր կառավարության նիստի ժամանակ ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
- Դրական նոր թեստերի տոկոսն ընդհանուր թեստերի մեջ մոտավորապես կրկին նույնն է՝ 25 տոկոս նախորդ օրվա 24 տոկոսի համեմատ: Սա կարևոր ցուցանիշ է, իհարկե, կարևոր է նաև բացարձակ թիվը՝ սպասարկումը հասցնելու տեսանկյունից: Ես դրան էլ քիչ անց կանդրադառնամ: Ցավով պետք է նշեմ, որ ունենք 18 մահվան դեպք, և ընդհանուր մահերի թիվն այսպիսով դառնում է 245: Երեկվա դրությամբ ունեցել ենք հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն՝ մահճակալային ֆոնդի տեսանկյունից: Գումարային ունեցել ենք մոտ 500 հոգի ծայրահեղ ծանր և ծանր, սակայն կարող եմ փաստել, որ հիմնական մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր եղել են՝ այդպիսի կարիք ունեցող պացիենտներին տեղավորելու համար: Եվ ամենակարևոր ցուցանիշը, որին մենք վերջին օրերին հաճախ անդրադառնում ենք՝ հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվն է այս պահին: Առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ մենք ունենք ընդամենը 32 հոգի, որոնք կարիք ունեն հոսպիտալիզացիայի, որից ընդամենը 4-ն են տանը և մնացած 28-ը այլ հիվանդանոցներում են, սակայն պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ կամ հիվանդանոցներ: Ընդհանուր գնահատականն այն է, որ իրավիճակը, իհարկե, շարունակում է մնալ լարված, սակայն հզորությունների զարգացմանը զուգընթաց այդ լարվածությունը կոմպենսացվում է մեր հնարավորությունների աճով, մեր սպասարկման ունակություններով, ինչը, իհարկե, չի նշանակում, որ մենք չպետք է մեր զսպողական միջոցառումները շարունակենք և ուժեղացնենք, ինչպես ամենասկզբից և այսպիսով այս կառավարելի վիճակը պահենք՝ ինչքան հնարավոր է երկար և գնանք դեպի անկման: Հետևաբար, կարծում եմ, որ պարետատան որոշումների շրջանակում ամեն ինչ պետք է շարունակենք, պարոն վարչապետ, խստացնենք կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը՝ սկսած սովորական քաղաքացիներից վերջացրած տնտեսվարող սուբյեկտներով և իրավիճակի զարգացմանը զուգընթաց, եթե կարիք լինի, նաև որոշումներ փոխենք ըստ իրավիճակի,-ասել է նախարարը: