Զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու գործընթացն ապօրինի կազմակերպելու համար հանձնաժողովի անդամը պահանջել և ստացել է 4500 ԱՄՆ դոլար. դատախազը գործն ուղարկել է դատարան
ՀՀ դատախազությունից հայտնում են, որ Ք.Տ.-ն, 2022 թվականին լինելով նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների բժշկական զննում իրականացնող զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի 4 տարածքային ստորաբաժանման բժշկական հանձնաժողովի (այսուհետ՝ Տարածքային ստորաբաժանում) անդամ, Ռ.Պ.-ի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, ստացել է խոշոր չափի կաշառք:
«Մասնավորապես` Երևանի բնակիչներ՝ ամուսիններ Ք.Ա.-ն և Ա.Պ.-ն, իրենց որդուն՝ Ռ.Պ-ին, բժշկական կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու նպատակով դիմել են Տարածքային ստորաբաժանման բժշկական հանձնաժողովի անդամ, քիթ-կոկորդ-ականջաբան Ք.Տ.-ին:
Ք.Տ.-ն, ունենալով զինապարտների զինվորական հաշվառման, զորակոչի ժամանակ նրանց փորձաքննության ենթարկելու, զինապարտների պիտանելիության վերաբերյալ եզրակացություն տրամադրելու լիազորություն, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու գործընթացը բժշկական կեղծ ախտորոշումների հիման վրա կազմակերպելու նպատակով, պահանջել է խոշոր չափի՝ 1 մլն 777 հազար 185 դրամին համարժեք՝ 4500 ԱՄՆ դոլար կաշառք:
Կաշառքի գումարը փոխանցելու համար պայմանավորվածություն են ձեռք բերել հանձնաժողովի անդամ Ք.Տ.-ի ամուսին Հ.Պ.-ն և Ռ.Պ.-ի հորեղբայր Ար.Պ-ն, որից հետո 2022 թվականի նոյեմբերի 27-ին գումարը փոխանցվել է Ք.Տ.-ին:
2023 թվականի փետրվարի 2-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Ք.Տ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողություն կատարելու համար), Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելը՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողություն կատարելու համար), Ք.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք տալը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության համար), Ա.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք տալը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության համար) և Ար.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության համար):
Հսկող դատախազը 2023 թվականի ապրիլի 20-ին մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: