ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն
Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հընթացս կրակոցներ են հնչել նաեւ ադրբեջանական կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական բաժնից:
«Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով: Եւս մեկ զինծառայող ստացել է վիրավորում. վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Հրաչյա Սարուխանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է հաղորդագրությունում: