ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի բաց մարզմանը։ Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
ԿԳՄՍ նախարարը հետևել է ֆուտբոլիստների մարզմանը, զրուցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի հետ՝ ի դեմս ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի։ Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել Հայաստանի ազգային հավաքականին, որը նախապատրաստվում է Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի՝ Թուրքիայի հավաքականի դեմ խաղին։ ԿԳՄՍ նախարարը հույս է հայտնել, որ սեփական պատերն ու երկրպագուների աջակցությունը մեր ընտրանուն կօգնեն հասնել ցանկալի արդյունքի։ Արմեն Մելիքբեկյանը տեղեկացրել է, որ թիմում վնասվածք ունեցող խաղացողներ չկան, բոլորը պատրաստ են առաջիկա խաղին։
Տևական դադարից հետո ֆուտբոլի ազգային հավաքականի մարզմանը հետևել են նաև բազմաթիվ երկրպագուներ, որոնք ամբողջ ընթացքում աջակցել են թիմին՝ իրենց երգերով և վանկարկումներով։
Մարզումից հետո Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին է հանձնվել Հայաստանի 2022 թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։ 22-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է՝ անհամբերությամբ է սպասում ընտրական փուլի մեկնարկային խաղին․ «Շատ ենք սպասում այդ հանդիպմանը, լրջորեն պատրաստվում ենք։ Հուսով եմ, որ հաջողությունը մեր կողմը կլինի և կկարողանանք հաղթել։ Իհարկե, դա պատմական հանդիպում է մեզ համար, լավագույնս պատրաստվում ենք և ցուցաբերում պրոֆեսիոնալ մոտեցում»։
Հայաստանի հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 25-ին՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելով Թուրքիայի թիմին։ Հանդիպման մեկնարկը 21։00-ին է։