Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Դոհայում ընթացող առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում դուրս է եկել եզրափակիչ:

Հենացատկի որակավորման փուլում նա վաստակել է 14,733 միավոր ու երկրորդ տեղով անցել եզրափակիչ: Օրեր առաջ Դավթյանը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում ոսկե մեդալ էր նվաճել՝ վաստակելով 15,133 միավոր:

Հայաստանի ներկայացուցիչներից մարտի 1-ին եզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը: Օղակների վարժության որակավորման փուլում Ավետիսյանը 14,766 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ Վահագն Դավթյանը վաստակել է 14,600 միավոր և 6-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ: Ավետիսյանն ու Դավթյանն այսօր հանդես կգան օղակների վարժության եզրափակչում:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը նժույգթափեր վարժության որակավորման փուլում 14,133 միավոր էր վաստակել և զբաղեցրել 10-րդ տեղը: Նույն վարժության որակավորման փուլում Հարություն Մերդինյանը 13,500 միավորով գրավել էր 21-րդ տեղը: Երկու մարմնամարզիկն էլ դուրս չէին եկել եզրափակիչ:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության փուլերին մասնակցում է մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ:

Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

wp-apeth