Պարզվում են «Զառայից» ավազակությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի հանգամանքները

Պարզվում են «Զառայից» ավազակությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ «Զառա» խանութ-սրահից ավազակությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքը բացահայտելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:

«Նախնական տվյալներով՝ երկու անձինք, ավազակությամբ, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2022թ. մարտի 06-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 3-րդ հասցեում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող «Զառա» խանութ-սրահի գանձապահների՝  կողմնակի անձանց մուտքն արգելված աշխատասենյակ և որպես զենք օգտագործվող, ատրճանակին նմանվող առարկայի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել են այդ պահին աշխատասենյակում գտնվող աշխատակցուհու վրա, պահանջել հեռանալ գանձապահների սենյակից, որից հետո չհրկիզվող պահարանից հափշտակել են ընկերությանը պատկանող, նախնական տվյալներով, 2.392.000 ՀՀ դրամ գումարը ու դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են խանութի անվտանգության տեսախցիկների տեսաձայնագրությունները և ենթարկվել զննության, հարցաքննվել են մի շարք անձինք: Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth