Սամվել Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց
Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր՝ մրցումային 10-րդ օրը, պայքարի դուրս կգա օլիմպիական կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ):
109 կգ քաշային կարգի A խմբի պայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին: Մարտիրոսյանի երկամարտի նախնական հայտը 425 կգ է:
Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, 102 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ է դուրս եկել Սամվել Գասպարյանը և փոքր բրոնզե մեդալ նվաճել պոկում վարժությունում: Եվրոպայի 2021 թվականի չեմպիոնն առաջին մոտեցմամբ գլխավերևում պահել է 175 կգ ծանրաձողն ու ապահովել փոքր բրոնզե մեդալը։ Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արսեն Մարտիրոսյանը, պոկում վարժությունից հետո 4-րդ տեղում էր (170 կգ)։
Հրում վարժությունում, սակայն, մեր երկու ծանրորդներն էլ զրո են ստացել։ Գասպարյանը երեք մոտեցման արդյունքում չի կարողացել հրել 215 կգ, իսկ Արսեն Մարտիրոսյանը՝ 210 կգ կշռող ծանրաձողը:
Նշենք՝ 81 կգ քաշային կարգի կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը երկամարտի 230կգ (105+125) արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։
Մինչ այս Հայաստանի ներկայացուցիչներից 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցրել է 8-րդ տեղը, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը նվաճել է փոքր ոսկե մեդալ, 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը B ենթախմբում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, նույն քաշային կարգի A ենթախմբում Հակոբ Մկրտչյանը գրավել է 12-րդ տեղը:
Մրցումային վերջին օրը՝ դեկտեմբերի 17-ին, գերծանրքաշային կարգում պայքարի դուրս կգան Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը: Մրցելույթի մեկնարկը 15:00-ին է:
Տաշքենդում աշխարհի առաջնությանը հետևում է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։