Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի ավագ, օլիմպիական կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում նվաճել է Հայաստանի առաջին մեդալը. երկամարտի 416 կգ արդյունքով (188+228) նա երրորդ հորիզոնականն է զբաղեցրել՝ դառնալով ԱԱ բրոնզե մեդալակիր:
Պոկում վարժությունում հայ ծանրորդն առաջին մոտեցմամբ գլխավերևում պահել է 188 կգ կշռող ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ բարձրացրել է 193 կգ, սակայն մրցավարների որոշմամբ՝ այն չի արձանագրվել: Երրորդ մոտեցման ժամանակ Մարտիրոսյանը չի կարողացել բարձրացնել 196 կգ ծանրաձողն ու այս վարժությունում երկրորդ տեղն է զբաղեցրել՝ բավարարվելով արծաթե փոքր մեդալով:
Վարժության հաղթող է ճանաչվել Տոկիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Ակբար Ջուրաևը (195 կգ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ուզբեկստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ռուսլան Նուրուդինովը, որը բարձրացրել է 185 կգ ծանրաձողը։
Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանն առաջին մոտեցմամբ գլխավերևում պահել է 228 կգ ծանրաձողը, սակայն երկրորդ և երրորդ մոտեցումները ձախողել է՝ չկարողանալով բարձրացնել 238 կգ: Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը երրորդն էր:
Այս քաշային կարգում երկամարտի 433 կգ արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճել է Ակբար Ջուրաևը: Արծաթե մեդալին երկամարտի 421 կգ արդյունքով արժանացել է նրա հայրենակից Ռուսլան Նուրուդինովը:
Հայաստանի ներկայացուցիչներից 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցրել է 8-րդ տեղը, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը նվաճել է ոսկե փոքր մեդալ, 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը B ենթախմբում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, նույն քաշային կարգի A ենթախմբում Հակոբ Մկրտչյանը գրավել է 12-րդ տեղը, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը բրոնզե փոքր մեդալ է նվաճել պոկում վարժությունում, իսկ կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։
Մրցումային վերջին օրը՝ դեկտեմբերի 17-ին, գերծանրքաշային կարգում պայքարի դուրս կգան Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը: Մրցելույթի մեկնարկը 15:00-ին է: