Կարաբալյոն ամսվա լավագույն ֆուտբոլիստ, Մելիքյանը՝ լավագույն մարզիչ
Հայտնի են Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի նոյեմբերի լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը, հայտնում են ՀՖՖ լրատվական բաժնից: Փորձագետների եւ երկրպագուների քվեարկությամբ նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Փյունիկի» հարձակվող Խոսե Կարաբալյոն, ով անցկացրած 4 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել նոյեմբերի բոլոր խաղերում։ Կարաբալյոն առաջ է անցնել «Արարատ-Արմենիայի» ռմբարկու Մաիլսոն Լիմայից և իր խաղընկեր Հովհաննես Հարությունյանից:
Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, որի գլխավորությամբ երեւանյան թիմը 4 խաղում տարել է 4 հաղթանակ։ Մելիքյանն այս մրցանակին արժանանում է 3-րդ ամիսն անընդմեջ։
Լավագույնների ցանկում Մելիքյանին հաջորդում են «Արարատ-Արմենիայի» եւ «Ալաշկերտի» մարզիչներ Դմիտրի Գունկոն ու Միլան Միլանովիչը։
Լավագույնները որոշվել են երկրպագուների և փորձագետների ձայների հանրագումարում՝ համապատասխանաբար 1/3 եւ 2/3 համամասնությամբ: Լավագույն մարզչի եւ ֆուտբոլիստի մրցանակները կհանձնվեն Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցանակակիրների թիմերի առաջիկա տնային հանդիպումներից առաջ: Vbet ընկերության կողմից մրցանակներ սահմանված են յուրաքանչյուր ամսվա համար: