Բախվել են «Mercedes-Benz»-ն ու «Opel»-ը. «Mercedes-Benz»-ը բռնկվել է
Դեկտեմբերի 2-ին, ժամը 22:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կա տուժած։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Opel» (վարորդ՝ Է․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Հ․-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։52-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել են ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահը։
Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Է․ Մ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։