Գողացած մեքենան պահել էր խոտի դեզի տակ

Գողացած մեքենան պահել էր խոտի դեզի տակ

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Օրջոնիկիձեի փողոցից «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենա են փախցրել։ Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Իրավապահներն արձանագրել էին` երբ ու որտեղից էր կատարվել գողությունը։ Որոնողական աշխատանք սկսվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզել են, որ մեքենան գողացել է Հաղարծին գյուղի 25-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 15-ին կասկածվողը ներկայացել է ոստիկանության Դիլիջանի բաժին։ Ավելի ուշ պարզվել է, որ նա գողոնը թաքցրել էր Թեղուտի հանդամասում՝ խոտի դեզի տակ: Նշված վայրում մեքենան հայտնաբերվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Հոկտեմբերի 10-ին էլ ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ Կալինինի փողոցում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են խանութի դռան կողպեքը, գողացել հագուստեղեն ու կոշիկներ: Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ինչպես և նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվեց, որ գողությունը երկու ընկերների հետ արել էր «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան փախցրած 25-ամյա երիտասարդը։ Հիշյալ անձինք կալանավորվել են։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth