Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից. ԱՀ ՄԻՊ

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից. ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում հեռահաղորդակցության միջոցների, մասնավորապես՝ բջջային կապի ու համացանցի խլացման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգել էր դեռևս սույն տարվա օգոստոսին։

Նույն հարցով ԱՀ իրավասու մարմինների և ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների հետ քննարկումների արդյունքում հարցը ներկայացվել է նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը, և վերջիններիս միջամտությամբ խլացումների խնդիրը, կարծես թե, կարգավորվել էր։

Սակայն 2021 թվականի նոյեմբերի 9-ից սկսած Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաք Ադրբեջանի նախագահի այցից հետո խնդիրը նորից առաջացել է, և արդեն շուրջ մեկ ամիս է հաղորդակցության միջոցներն Արցախում գործում են լուրջ խափանումներով։

Խնդիրն առավել սուր է արտահայտված այն համայքներում, որոնք 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և Արցախի տարածքի օկուպացիայի հետևանքով հայտվել են շփման գծի հարևանությամբ։ Որոշ համայնքների պարագայում կապն ընդհանրապես բացակայում է։

Կասկած չկա, որ բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից օգտագործվող հաճախականությունների և տեխնիկական միջոցների վրա ներազդելու եղանակով։

Ադրբեջանն օգտագործում է ցանկացած մեթոդ Արցախի բնակչության իրավունքները ոտնահարելու և անհարմարություններ պատճառելու նպատակով: Կոնկրետ այս պարագայում ադրբեջանական կողմի գործողությունները խոչընդոտներ են ստեղծում Արցախի ժողովրդի՝ հեռախոսային կապից և հաղորդակցության այլ ձևերից օգտվելու ազատության և տեղեկացված լինելու իրավունքի համար։

Պատկան մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի ուշադրությունը կրկին հրավիրում եմ այս խնդրին, որը կարևոր է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այլ հստակ կրում է հումանիտար բնույթ»։

wp-apeth