Գորիս-Կապանի մաքսակետերը եւ ինչ են հուշում Հայաստանից ադրբեջանական կողմին՝ ըստ Թաթոյանի. ՄԻՊ-ի հարցերը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Գորիս-Կապան ավտոճանապարհին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուն և այլընտրանքային ճանապարհների ուղղությամբ Կառավարության քայլերին:
«Ստացվում է՝ ՀՀ-ից ադրբեջանական սահմանապահ ու մաքսային մարմիններին հուշում են, որ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից ու օտարերկրացիներից կամ անել իրավունքների այլ միջամտություններ: Բա այդ դեպքում նման հայտարարություն արած պաշտոնյան միգուցե պարզաբանի նաև, թե ադրբեջանական օրենսդրությունը վճարների ու տուրքերի ինչ չափեր է նախատեսում, ինչ իրավունքներ ունեն մարդիկ այդ գանձումների ընթացքում, վճարումները ՀՀ դրամով են արվելու, թե արտարժույթով, որն է բողոքներ ներկայացնելու կարգը ու ինչպես է նա պատրաստվում պաշտպանել քացաքացիների իրավունքները: Կամ ինչպե՞ս է կազմակերպվելու հարակից համայնքների բնակիչների կյանքը, որոնք ստացվում է՝ հայտնվելու են ադրբեջանական մաքսային ու սահմանային վերահսկողության գոտում: Իսկ միգուցե դելիմիտացիան ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից, որովհետև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները տալիս են այդ հնարավորությունը»,- գրել է Թաթոյանը:
Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրելու: ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե հրապարակային անակնկալով հանդես եկած պաշտոնատար անձը, որպես ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար, պարտավոր է պարզաբանել, թե [առնվազն]՝
- ինչպե՞ս է պատկերացնում Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողության պայմաններում մարդկանց և ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը.
- արդյոք գիտակցում է, որ այս գործառույթները ենթադրում են ՀՀ բնակիչների իրավունքների սահմանափակումներ ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից. մարդկանց ենթարկել տուգանքների, հարուցել քրեական գործեր, բերման ենթարկել ու ձերբակալել, ենթարկել խուզարկությունների և այլն.
- ինչպե՞ս են Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ [հարակից գյուղերի] բնակիչները կամ օտարերկացիները պաշտպանելու իրենց իրավունքները (օրինակ՝ ու՞մ և ի՞նչ ընթացակարգերով են դիմելու) և ինչպե՞ս է պատկերացնում ադրբեջանական օրենսդրության կիրառումը նրանց նկատմամբ.
- ինչպե՞ս է ապահովվելու իրավունքների խախտումներ թույլ տվող ադրբեջանական սահմանային ու մաքսային մարմինների պատասխանատվությունն ու պատիժը:
Հ.Գ. Իրականում, ադրբեջանական զինված ծառայողների, իրավապահ մարմինների ներկայութունն ու առավել ևս նրանց արարքները ՀՀ ճանապարհներին անօրինական են (զուրկ են իրավական հիմքերից) ի սկզբանե: Պետք է ոչ թե հայտարարություններով լեգիտիմացնել նրանց ներկայությունն ու արարքները, այլ աշխատանքներ տանել նրանց հեռացնելու ուղղությամբ: