Նախատեսվում է Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների վերակառուցում եւ երկկողմանի երթեւեկության ապահովում

Նախատեսվում է Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների վերակառուցում եւ երկկողմանի երթեւեկության ապահովում

ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 2-ի hամատեղ նիստում ներկայացվել են տրանսպորտի, ջրային տնտեսության եւ էներգետիկայի ոլորտներին 2022-ի պետբյուջեով նախատեսված հատկացումները: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի տեղեկացմամբ՝ նախարարությանը  կհատկացվի 335 մլրդ 257 մլն դրամ: 22 ծրագրի շրջանակում կիրականացվի 140 միջոցառում: 209 մլրդ 594 մլն դրամը կուղղվի կապիտալ ծախսերին, իսկ 125 մլրդ 663 մլն դրամը՝ ընթացիկ ծախսերին:

Նախարարի խոսքով՝ տրանսպորտի ոլորտին բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 116 մլրդ 642 մլն դրամ: Կիրականացվի  3 ծրագիր, 31 միջոցառում: Ամենախոշորը՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրն է, որին կհատկացվի 115 մլրդ  117 մլն դրամ: Մեկ այլ ծրագրով էլ նախատեսվում է Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների վերակառուցում եւ երկկողմանի երթեւեկության ապահովում: Կշարունակվի Բագրատաշեն անցման կետի տարածքում կամրջի կառուցումը, որի համար բյուջեից կհատկացվի 1.3 մլրդ դրամ: Շինարարական աշխատանքներ կիրականացվեն նաեւ Վանաձոր–Ալավերդի-Վրաստանի սահմանային հատվածում:

Ջրային տնտեսության ոլորտում 5 ծրագիր, 41 միջոցառում իրականացնելու համար կհատկացվի 45 մլրդ 253 մլն դրամ: Գումարի հիմնական մասը կուղղվի «Ոռոգման համակարգերի առողջացման» ծրագրին: Նախատեսվում է 185կմ երկարությամբ ոռոգման  ցանցերի հիմնանորոգում եւ 15կմ նոր ցանցի կառուցում: ԵՄ աջակցությամբ իրականացվելիք ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի 17 բնակավայրերում  կկառուցվեն ոռոգման համակարգեր, կնախագծվի ու կկառուցվի 17 ջրամբար, ինչպես նաեւ կվերանորոգվի 4 ջրամբար:

Էներգետիկայի բնագավառին ուղղված հատկացումը 49 մլրդ 425 մլն դրամ է: Նախատեսվում է իրականացնել 3 ծրագիր եւ 10 միջոցառում: Ամենամեծը՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց/ Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» ծրագիրն է՝ բաղկացած 3 բաղադրիչից:

wp-apeth