Նախատեսվում է ավելացնել ՀՀ ոստիկանության ֆինանսական հատկացումները
Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են ՀՀ ոստիկանությանը 2022-ի պետբյուջեով նախատեսված ծախսերը:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ՝ գալիք տարվա բյուջեի նախագծով ոլորտին նախատեսված է հատկացնել 66 մլրդ 585.6 մլն դրամ:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշել է, որ 2022-ին նախատեսվում է իրականացնել 2 ծրագիր, որի շրջանում՝ 11 միջոցառում:
Փոխոստիկանապետը ներկայացրել է նաեւ 2021 թվականի ինն ամիսների օպերատիվ վիճակը եւ ընդգծել, որ հանցագործությունների գծով 6,1 տոկոս աճ է գրանցվել: Հիմնականում աճել են սպանության, գողության, ավազակության, մեքենաներ գողանալու դեպքերը: Արա Ֆիդանյանը կարեւորել է 2021 թվականին մայրաքաղաքում ներդրված պարեկային ծառայության դերն ու նշանակությունը հանցագործությունների կանխման եւ բացահայտման գործում: Նա տեղեկացրել է, որ մինչեւ 2022-ի ապրիլ պարեկային ծառայություններ կներդրվեն նաեւ Շիրակի եւ Լոռու մարզերում: Իսկ ողջ հանրապետության տարածքում այս ծառայությունները փուլային տարբերակով կներդրվեն մինչեւ 2024 թվականի դեկտեմբերը: Նշվել է նաեւ, որ Արդարադատության նախարարության հետ աշխատանքներ են իրականացվում Ներքին գործերի նախարարության ստեղծման ուղղությամբ: