«Վարչապետի գավաթ» մրցաշարի կազմակերպման նպատակով 35 մլն 710 հազար դրամ է հատկացվել

«Վարչապետի գավաթ» մրցաշարի կազմակերպման նպատակով 35 մլն 710 հազար դրամ է հատկացվել

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով նախատեսվում է գումար հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշար անցկացնելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ սիրողական կրոսավազքի մրցաշարի անցկացումը հնարավորություն կտա խթանել զանգվածային մարզական միջոցառումներին բնակչության հետագա մասնակցության ապահովումը: Միջոցառման անցկացման համար նախատեսվում է հատկացնել 35 մլն դրամ, որից 15 մլնն կազմում է մրցանակային ֆոնդը, մնացածը նախատեսված է կազմակերպչական հարցերի համար:

Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները, ովքեր ունեն բժշկի համապատասխան թույլտվություն, կամ տեղեկանք առողջության վերաբերյալ և մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը: Պայմանագրին կարելի է ծանոթանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքէջում: 10 կմ երկարությամբ մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 30-ին ՝ Երևան-Էջմիածին մայրուղում (Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում): Այն կացկացվի երեք տարիքային խմբերի համար: Առաջին խումբը նախատեսված է 15-17 տարեկանների համար՝ 3 կմ երկարությամբ (մեկնարկը` Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մերձակա տարածքից), երկրորդ խումբը՝ 18-35 տարեկան կանանց և 18-40 տարեկան տղամարդկանց համար, իսկ երրորդ տարիքային խումբը՝ 36 տարեկանից բարձր կանանց և 41 տարեկանից բարձր տղամարդկանց՝ 10 կմ երկարությամբ (2-րդ և 3-րդ տարիքային խմբերի մեկնարկը՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքից դեպի Էջմիածին քաղաքի կենտրոն):

Առաջին տարիքային խմբի հաղթողները կպարգևատրվեն նոութբուքերով, երկրորդ և երրորդ տարիքային խմբերի հաղթողները՝ 1-ին տեղ գրավողը կստանա 1 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 600 հազար դրամ, 3-րդ տեղը՝ 400 հազար դրամ, 4-րդը՝ 150 հազար դրամ, 5-րդը՝ 100 հազար դրամ, 6-10-րդ տեղերը՝ 75 հազար դրամ և 11-20 տեղերը գրավածները՝ 50 հազարական դրամ:

wp-apeth