ԱԺ ընդդիմությունը շարունակում է պնդել՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով պետք է քննարկում անել

ԱԺ ընդդիմությունը շարունակում է պնդել՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով պետք է քննարկում անել

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները շարունակում են պահանջել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով լսում, քննարկում արվի, հրավիրվեն ԱԱԾ տնօրենը, Պաշտպանության նախարարը և այլ պաշտոնատար անձինք: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ԱԺ հոկտեմբերի 5-ի նիստում «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ Պաշտպանության հարցերով հանձնաժողովի՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 4 անդամները նախորդ օրը նախաձեռնել էին հանձնաժողովի արտահերթ նիստ:

«Օրակարգի հարց էինք առաջարկել Սյունիքի մարզում, մասնավորապես Գորիս-Կապան ավտոճանապարհահատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկավտություն և բացատրություն ստանալու հարցը: Եվ առաջարկել էինք հրավիրել ԱԱԾ տնօրենին, Պաշտպանության նախարարին, Գլխավոր դատախազին, ՊԵԿ նախագահին, ՄԻՊ-ին: Սակայն, նշված ժամին հանձնաժողովի իշխանական պատգամավորները չներկայացան, դեռ ավելին՝ նշված ժամից կես ժամ հետո հանձնաժողովի նախագահի կողմից ստացանք գրություն, որն արհեստականորեն, չհիմանվորված խոչընդոտում էր նման արտահերթ նիստ գումարելու հարցը»,-ասաց պատգամավորը:

Նա հավելեց, որ պնդում են և պահանջում են ԱԺ նախագահությունից՝ կատարել ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջները և թույլ չտալ անօրինականություններ:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ առանց օրակարգ առաջարկելու՝ արտահերթ նիստի առաջարկ է արվել:

«Չի ներկայացվել, թե ինչ հարցի շուրջ պետք է արտահերթ նիստ արվի: Ըստ էության՝ իրենք լսումների առաջարկ են արել, իսկ արտահերթ նիստում հանձնաժողովը լսումներ նախաձեռնելու իրավասություն չունի»,-ասաց նա ու ընթերցեց 4 պատգամավորին ուղղված իր գրությունը:

 «Հայաստան»-ից Արծվիկ Մինասյանն առաջարկեց այդ հարցն առանձին քննարկման առարկա դարձնել՝ նշելով, որ Քոչարյանը ոչ ճիշտ մեկնաբանություններ է արել:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ ընդմիջման ժամին կարող են աշխատանքային կարգով խոսել և հասկանալ:

Արթուր Խաչատրյանն էլ հիշեցրեց, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները դեռ շաբաթներ առաջ դիմել էին՝ խնդրելով հրավիրել սահմանապահ զորքերի հրամանատարին, ԱԱԾ տնօրենին, Պաշտպանության նախարարին և այլ անձանց՝ քննարկելու սահմաններում տիրող իրավիճակը, և թե ինչ գործընթացներ են տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«ԱԺ նախագահության կողմից ունեցանք խոստում, որ արվում է ամեն ինչ, որ այդ հանդիպումը տեղի ունենա առաջին դեմքերի մակարդակով»,-ասաց նա ու հարցրեց, թե այդ ջանքերն ի՞նչ արդյունքի են հանգեցրել:

Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունն այդ թեմայով զրուցել է ԱԺ նախագահի հետ՝ նշելով, որ գործուղումից վերադառնալուց հետո կարող են Ալեն Սիմոնյանի հետ դա քննարկել:

«Ես կարծում եմ, որ այդ ժամանակ, դրանից մի քանի օր անց Կառավարության հետ հարցուպատասանն էր այստեղ, որտեղ հենց վարչապետին ընդդիմադիր գործընկերները հնարավորություն ունեին հարցեր տալու նշված թեմաների վերաբերյալ»,-ասաց նա:

Արմեն Խաչատրյանն էլ նշեց, որ այն, ինչ  կարող են հարցնել նիստերի ժամանակ, մի քիչ ավելի խորը կարող են քննարկել այլ ֆորմատով, ինչը եղել է ԳՇ պետի տեղակալի հետ հանդիպմանը:

wp-apeth