Իրանը կարող է մասնակցել Տաթևի ճանապարհի կառուցմանը
Իրան-Հայաստան ավտոճանապարհի Որոտանի հատվածը շրջանցելու համար Իրանը կարող է մասնակցել Տաթևի ճանապարհի կառուցմանը: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։ Իրանական Mehr լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կազմակերպության գործադիր տնօրենը այսօր այցելելու է Հայաստան՝ Տաթևի այլընտրանքային ճանապարհի նախագծին ծանոթանալու:
Նախատեսված է, որ Հայաստանում քննարկվելու է Տաթևի ճանապարհի կառուցմանը Իրանի մասնակցության հարցը: Հիշեցնենք՝ Հայաստանի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի կառուցման մասին, որը հնարավորություն կտա շրջանցել Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածը: Մեկնարկել է նաև Տաթև-Լծեն ճանապարհի շինարարությունը, որը հնարավորություն կտա շրջանցել Տաթևի ոլորանները և ավելի հարմար կլինի մեծ բեռնատար մեքենաների երթևեկության համար: